Ներկայիս Սահմանադրությունը իշխանակենտրոն է և ոչ թե մարդակենտրոն. Սահմանադրագետ
«Մենք ունենք գերկենտրոնացած իշխանություն նախագահի ձեռքում: Հին ճշմարտություն է` իշխանությունը այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում: Հայաստանում բացարձակ իշխանություն է»,- «Ժառանգություն» կուսակցության կողմից Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց սահմանադրագետ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Նրա խոսքով` այդ բարեփոխումները անհրաժեշտ են, քանի որ ներկայիս Սահմանադրությունը իշխանակենտրոն է և ոչ թե մարդակենտրոն. «Բարեփոխումների գերնպատակն է իրավական պետության անկյունաքար հանդիսացող իրավունքի գերակայության հաստատումը»:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ փաստաթուղթը քննարկման փուլում կլինի մինչև հոկտեմբերի 15-ը, Վ.Պողոսյանը մատնանշեց` Սահմանադրական հանձնաժողովը մասնագիտական է և չի մտնելու քաղաքական բանավեճի մեջ, թեև հասկանալի է, որ կարծիքները, բնականաբար, կլինեն տարբեր:
Իսկ ահա ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանը ելույթում նշեց, որ Սահմանադրական բարեփոխումները մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում ունենալու են վճռորոշ նշանակություն. «Մինչև հոկտեմբերի 15-ը հանձնաժողովը ժամանակ ունի աշխատելու այս փաստաթղթի վրա և ես հույս ունեմ, որ մենք կունենանք մի փաստաթուղթ, որի հիման վրա կշարունակենք քննարկումները»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ