ՄԱԿ. Իսրայելի և Գազայի հատվածի միջև փխրուն հաշտությունը պետք է ամրապնդվի Եգիպտոսի հովանու ներքո ընթացող բանակցություններով
ՄԱԿ հատուկ համակարգող Ռոբերտ Սերին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կրակի դադարեցման ռեժիմը, որին կարողացել են հասնել օգոստոսի 26-ին Եգիպտոսի միջնորդությամբ, ընդհանուր առմամբ պահպանվում է, սակայն նախկինի պես «անհանգստանալու չափ փխրուն է»: Այս մասին ասվում է ՄԱԿ պաշտոնական կայքում:
Ռոբերտ Սերին, ելույթ ունենալով ՄԱԿ ԱԽ-ի ճեպազրույցում, կոչ է արել դինամիկ փոփոխություններ կատարել Գազայի հատվածում:
Միջազգային կառույցի ներկայացուցիչը պատմել է անցած շաբաթ Գազա կատարած իր այցի մասին, որտեղ տեսել է մասշտաբային ավերվածությունները:
«Թաղամասերի մեծ մասն ավերված է: Ընդհանուր առմամբ քանդվել է կամ լուրջ վնասվել է 18 հազար տուն: 100 հազար մարդ կորցրել է իր տունը, սպանվել է ավելի քան 2100 պաղեստինցի, այդ թվում 500 երեխա: Իսրայելական կողմն ունեցել է 72 զոհ, որից 66-ը զինվոր, իսկ մնացածը` խաղաղ բնակիչներ»,-ասել է Սերին` հակամարտող կողմերին կոչ անելով ավելի իմաստուն ու պատասխանատու միջոց ընտրել տարաձայնությունները հարթելու և Գազյաի հատվածում հումանիտար խնդիրները լուծելու համար:
Ռոբերտ Սերին նաև շեշտել է Գազայում դինամիկան փոփոխությունների անհրաժեշտությունը` նախազգուշացնելով, որ առանց դրա Գազան կարող է տուժել բռնությունների նոր, առավել ավերիչ ալիքից:
«Իսրայելի և Գազայի հատվածի միջև փխրուն հաշտությունը պետք է ամրապնդվի բանակցություններով` Եգիպտոսի հովանու ներքո, որոնք, հույս ունենք, շուտով կվերսկսվեն»,-եզրափակել է ՄԱԿ հատուկ համակարգողը: