ԵՄ-ն հնարավոր է պատժամիջոցներ կիրառի «Իսլամական պետության» հետ նավթի ապօրինի գործարքներ անողների դեմ
Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են ԵՄ-ին` կոչ անելով «պատժամիջոցներ կիրառել բոլոր այն պետական և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող շրջաններում նավթի արտահանման, տեղափոխման, մշակման աշխատանքներին և վաճառքին: Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքում:
Սեպտեմբերի 18-ին ընդունված բանաձևում պատգամավորները խստորեն դատապարտել են նաև լրագրողներ Ջեյմս Ֆոլեյի և Սթիվեն Սոթլոֆի, հումանիտար կազմակերպության աշխատակից Դևիդ Հեյնսի գլխատումները:
«Եվրոպական միությունը պետք է օգտագործի բոլոր հնարավոր միջոցները` օգնելու Իրաքի ժողովրդին և իշխանություններին` «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Օգնությունը պետք է ներառի նաև ռազմական աջակցությունը»,-ասվում է պատգամավորների համատեղ հայտարարության մեջ, որում նրանք միջազգային հանրությանը կոչ են անում կտրել «Իսլամական պետության» ֆինանսական աղբյուրները և քաղաքական լուծում գտնել սիրիական հակամարտությանը:
«Իսլամական խալիֆայության ստեղծումը և ընդլայնումը, ինչպես նաև Իրաքում ու Սիրիայում գործող այլ ծայրահեղական խմբավորումների ակտիվությունը ուղղակի սպառնալիք են եվրոպական երկրներին, և սիրիական հակամարտության միայն հանճարեղ քաղաքական լուծումը կարող է օգնել չեզոքացնել «Իսլամական պետությանը»,-նշել են Եվրախորհրդարանի անդամները:
«Իսլամական պետության» նյութական ու ֆինանսական ռեսուրսների հոսքը կտրելու համար պատգամավորները հորդորել են ՄԱԿ-ի հաստատած զենքի էմբարգոն ու ակտիվների սառեցումն ավելի արդյունավետ կիրառել:
«ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի «Իսլամական պետության» վերահսկողության տակ գտնվող շրջաններում նավթի առքուվաճառքով զբաղվող ընկերությունների նկատմամբ, կտրի նրանց ֆինանսական հոսքերը, որոնք թույլ են տալիս խմբավորմանը ծաղկեցնել իր բիզնեսը և օգտագործել «հարկային ապաստարանները»:
Բանաձևում ողջունվում է ԵՄ առանձին երկրների` քրդերին ազգային օրենսդրությունների համաձայն և Իրաքի իշխանությունների թույլտվությամբ սպառազինություն մատակարարելու որոշումը, ընդ որում Եվրախորհրդարանը կոչ է արել այդ երկրներին «իրենց գործողությունները համակարգել և օգտվել մոնիթորինգի արդյունավետ միջոցներից, որպեսզի կանխեն խաղաղ բնակիչների դեմ զենքի անվերահսկելի տարածումը և կիրառումը»:
«Ազգային փոքրամասնությունների և բոլոր քաղաքացիների ապահով վերադարձը պետք է լինի տարածաշրջանային բոլոր դերակատարների և ԵՄ-ի վերջնական նպատակը ու պատասխանատվությունը»,-նշել են պատգամավորները` իրենց աջակցությունը հայտնելով կրոնական անհանդուրժողականության և ատելության բոլոր զոհերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ