Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել ինքնիշխանության մասին հարցման անցկացմանը
Կատալոնիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով հավանություն է տրվում Իսպանիայի այդ ինքնավար շրջանում այս տարվա նոյեմբերի 9-ին բնակչության շրջանում ինքնիշխանության մասին հարցման անցկացմանը: Ըստ այդ բանաձևի` հարցումը պետք է անցկացվի «ժողովրդավարական երաշխքիների և օրենքների համաձայն»: Հաղորդում է «Իտառ-տասս» լրատվական գործակալությունը:
Փաստաթուղթը պահանջ է ներկայացնում Կատալոնիայի կառավարության ղեկավարին առ այն, որ վերջինս «գործողությունները համաձայնեցնի խորհրդարանի հետ, եթե նոր հանգամանքներ առաջանան, կապված Կատալոնիայի ապագան որոշելու ժողովրդավարական գործընթացի հետ»: Իսպանացի փորձագետների դիտարկումների համաձայն` դա հնարավորություն է տալու խորհրդարանին նոր որոշումներ կայացնել, եթե իսպանական պետությունն արգելի հարցում անցկացնել:
Բանաձևին կողմ է քվեարկել ազգայնական կուսակցություններից թվով 86 պատգամավոր, ներառյալ «Կոնվերգենցիա և միոթյուն» իշխող կոալիցիան, ինչպես նաև երեք սոցիալիստ պատգամավորները, որոնք այդպիսով խախտել են բանաձևին չսատարելու կուսակցության որոշումը:
Փաստաթղթին դեմ է քվեարկել 44 պատգամավոր Սոցիալիստական, Ժողովրդական և «Քաղաքացիներ» կուսակցություններից: Վերջիննրես մեղադրել են Կատալոնիայի կառավարության նախագահ Արթուր Մասին կենտրոնական կառավարության հետ առճակատման բորբոքման մեջ: Ինչպես նշել է «Քաղաքացիների» նախագահ Ալբերտ Ռիվերը, «դրա մասին են վկայում բանաձևի դրույթները, մասնավորապես, այն կետը, որում նշվում է, որ ուժի մեջ է մնում հունվարի 23-ին Կատալոնիայի խորհրդարանի հավանությանն արժանացած ինքնավար մարզի ինքնիշխանության մասին հռչակագիրը, որը, սակայն, Սահմանադրական դատարանը մարտին համարեց երկրի հիմնական օրենքին հակասող »:
Կատալոնիայի խորհրդարանը ևս մեկ բանձև է ընդունել, որով նախատեսվում է համակարգել երկրամասի հիմնական պետական կառույցների ստեղծման աշխատանքները, ինչպես նաև երկրամասի հարկային խնդիրները:
Հատկանշական է, որ այսօր Շոտլանդիայում ընթացող անկախության հանրաքվեն նոր թափ է հաղորդել ազգերի ինքորոշման իրավունքի իրացման գործընթացին ողջ աշխարհով մեկ: Նախօրեին` ԱՄՆ Տեխաս նահանգի Ազգայնական շարժման նախագահ Դենիել Միլլերը ևս հայտարարությամբ էր հանդես եկել` նշելով, որ օրենսդիր ժողովը բնակչության քննարկմանը պետք է ներկայացնի նահանգի առանձնացման հարցը:
Նախորդիվ`
Շոտլանդիայի և Կատալոնիայի ինքնավարությունը սպառնալիք է ԵՄ-ի համար. Իսպանիա