«Պատմության ծաղրի արդյունքում Եվրոպայի քարտեզին կարող է հայտնվել, ասենք, «Փարիզի էմիրությունը»». իրանագետ
«Մինչ «Իսլամական պետությունը» ուղղակիորեն սպառնալիքներ է հնչեցնում Եվրոպայի հասցեին, սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ Ֆրանսիայում, օրինակ, այս կազմակերպության վարկանիչն արդեն իսկ կազմում է տասնհինգ տոկոս՝ գերազանցելով, ո՛չ ավել, ո՛չ պակաս, հինգերորդ հանրապետության այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը, որի հրամանով պարադոսքալ կերպով ռմբահարվում են իր իսկ երկրի քաղաքացիների շրջանում, փաստորեն, իրենից ավելի բարձր հեղինակություն վայելողների դիրքերն Իրաքում»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում նման դիտարկումներ է արել իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դոցենտ Վարդան Ոսկանյանը:
Նա նաև գրել է. «Սեփական քարոզչությունը նաև Եվրոպայում տարածելու նպատակով իսլամականներն օգտագործում են ժամանակակից տեխնոլոգիական աշխարհի ընձեռած բոլոր հնարավորությունները՝ համացանցային կայքերը, սոցիալական ցանցերը և նույնիսկ բարձրորակ տպագրությունն ու կինոարտադրությունը՝ նաև օգտվելով հենց եվրոպական անձնագրեր ունեցող անձանց ծառայություններից:
Մինչ արդի հետքրիստոնեական Եվրոպան առնվազն ծաղրում, իսկ վատագույն դեպքում ոչնչացնում է սեփական քաղաքակրթության ավանդական հիմնասյուներից քրիստոնեությունը, Աֆրիկայի և Ասիայի երկրներից ներգաղթածների երկրորդ կամ երրորդ սերնդի ներկայացուցիչները Հին մայրցամաքում ռեկորդային թվի են հասցնում գործող մզկիթների քանակը, որոնց խողովակներով էլ շատ հաճախ իրականացվում է ոչ միայն ծայրահեղական մահմեդականության քարոզ, այլ նաև եվրոպական անձնագրեր ունեցող գրոհայինների և ահաբեկիչների հավաքագրում:
Պատմությունը չի սիրում իր հասցեին ծաղր, առավել ևս երկնքից կասկածելի արդյունավետությամբ անապատի ավազներին թափվող ավիառումբերի տեսքով, հակառակ դեպքում՝ հենց նույն պատմության ծաղրի արդյունքում Եվրոպայի քարտեզին կարող է հայտնվել, ասենք, «Փարիզի էմիրությունը», իսկ Շանզ Էլիզեով շքերթով անցնել ճապոնական ամենագնացների թափքերում խցկված ահաբեկիչների շարասյունը...»: