«Աբխազիայի անեքսիայի» մասին վրացական կողմի հայտարարություններում Ռուսաստանը շահարկում է տեսնում
Ռուսաստանի Դաշնությունը կարծում է, որ վրացի քաղաքական գործիչների հայտարարությունները «Ռուսաստանի կողմից Աբխազիայի անեքսիայի» մասին վտանգավոր շահարկումներ են, որոնք կարող են ստվեր գցել Ժնևյան երկխոսության մթնոլորտի վրա: Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ:
«Վրացական կողմի դատողությունները Աբխազիայի իբր անեքսիայի մասին անբարեխիղճ ու վտանգավոր շահարկումներ են, որոնք կարող են լրջորեն վտանգել Ժնևյան երկխոսությյունը»,-հայտարարության համաձայն, այս մասին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
Վերջինիս խոսքերով, ռուս-աբխազական միջպետական հարաբերությունները զարգանում են 2008 թ-ի սեպտեմբերի 17-ին ստորագրված մեծ պայմանագրի հիմքով, ինչպես նաև 80 այլ համաձայնագրերով, որոնք ստորագրվել են վերջին 6 տարիների ընթացքում:
«Ներկայիս պայմաններում Մոսկվան ու Սուխումին անհրաժեշտ համարեցին համակարգել և թարմացնել երկկողմ համագործակցության իրավական շրջանակները: Միևնույն ժամանակ, անփոփոխ են մնում իրավահավասարության, ինքնիշխանության փոխադարձ հարգման ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները, որոնցով կողմերը ղեկավարվում են Ռուսաստանի Դաշնության կողմից Աբխազիայի պետական անկախությունը ճանաչելուց ի վեր»,-ասված է հայտարարության մեջ:
Հոկտեմբերի 13-ին հայտնի էր դարձել, որ Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Աբխազիայի և Ռուսաստանի Դաշնության միջև «Համագործակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագրի» նախագիծը, որով փաստացի նախատեսվում է միացյալ զինված ուժերի ստեղծում՝ ընդհանուր հրամանատարությամբ:
Վրաստանի արտգործնախարարությունն հայտարարություն էր տարածել, թե համաձայնագրի ստորագրման դեպքում այն կդիտարկվի որպես «վրացական հողերի փաստացի անեքսիա»:
Նախորդող հրապարակում՝
Վրաստանի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է ռուս-աբխազական սպասվելիք համաձայնագիրը