Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր. Ակնկալում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումն անարդյունք չի ավարտվի
«Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբերջանի նախագահների առաջիկայում Փարիզում կայանալիք հանդիպմամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց կգրանցի»,-ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նա նշեց, որ շատերն են պատրաստակամություն ցուցաբերում այս հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում նաև հակամարտող կողմերը: Գերմանիայի ԱԳ նախարարը նաև կարևորեց այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամ են հանդիպել՝ ընդունելով Ֆրանսիայի նախագահի հրավերը: Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն ակնկալում է, որ առաջիկա հանդիպումն անարդյունք չի ավարտվի:
Էդվարդ Նալբանդյանն էլ նշեց, որ Հայաստանը խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ անում է հնարավոր ամեն ինչ, Հայաստանը պատրաստ է գնալ խնդրի կարգավորմանը եռանախագահող երկրների նախագահների ընդունած հայտարարությունների հիման վրա, մինչդեռ Ադրբեջանի կողմից մինչև այժմ որևէ պատրաստակամություն չեն նկատել:
Նշենք, որ նախքան Հայաստան այցը, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եղել է Ադրբեջանում: Պատասխանելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հարցին, նա ասաց, որ երկկողմանի զրույցների ժամանակ սուր և կտրուկ կետերին չեն անդրադառնում. «Ադրբեջանում, ինչպես նաև այստեղ, այդպես են վարվում, այդ մասին չեն խոսում»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին