ՀՀ վարչապետ. Ադրբեջանը մեծ հարված հասցրեց բանակցային պրոցեսին
«Ադրբեջանի իշխանությունների գործողությունները դատապարտելի են, ինչի մասին վկայում են նաև միջազգային հանրության արձագանքը տեղի ունեցածին: Իր այս քայլով Ադրբեջանը մեծ հարված հասցրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ ի ցույց դնելով իրավիճակը սթափ գնահատելու ու տարածաշրջանային բարդ իրավիճակում ողջամիտ որոշումներ կայացնելու իր անկարողությունը»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից, ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՊԲ ուղղաթիռը խոցելու փաստը, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետ Աբրահամյանի խոսքերով, այս միջադեպը ևս մեկ ազդակ էր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունները կորցրել են իրականության զգացումը, ինչը հղի է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմամբ:
«Միջազգային հանրությունը և հատկապես գործընթացում ներգրավված կողմերը պետք է համաչափ գնահատական տան տեղի ունեցածին՝ դատապարտելով Ադրբեջանի հերթական սադրանքը: Սա ազդակ է, որ տարածաշրջանում խաղաղությամբ և կայունությամբ շահագրգիռ կողմերը պետք է օր առաջ կյանքի կոչեն շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գաղափարը, ինչը կօգնի առաջ մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները»,- հավելեց Հ. Աբրահամյանը: