«Պորտից ներքև ասել եմ չիջնեք ...». Վ. Այվազյանը` Զ. Փոստանջյանին
Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն քաղաքական օրակարգ է, որը ծնվել է ի հակադրություն ԵՄ-ին: Այս մասին ԱԺ-ում ընթացող ԵՏՄ պայմանագրին միանալու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Իշխանություններն, ըստ պատգամավորի, փորձում են համոզել, թե ԵՏՄ-ին միանալով Հայաստանում դրախտ է լինելու:
«Ես հակառակն եմ ուզում ասել, ես համոզմունք ունեմ, որ դա դրախտ չէ»,- ասաց Փոստանջյանն ու հիմնավորեց իր ասածը այն խնդիրներով, որոնք առկա են, մասնավորապես Ռուսաստանում` արտագաղթ, անվտանգության խնդիրներ` Հյուսիսային Կովկասում, ինչը սպառնում է նաև մեզ, ճչացող բևեռացում օլիգարխների և քաղաքացիների միջև և այլն:
Այսինքն, պնդեց Զ.Փոստանջյանը, Ռուսաստանը ոչ միայն այլ պետությունների համար է դարձել չարիք, այլև հենց իր պետության համար:
Ելույթի վերջում Զ. Փոստանջյանը հորդորեց ԱԺ պատգամավորներին դեմ քվեարկել ԵՏՄ պայմանագրին միանալուն, քանի որ այդպիսով իրենք գոնե զերծ կմնան «Սերժ Սարգսյանի կողմից իրականացված դավաճանությանը մաս կազմելու»:
Վերջին արտահայտությունը դուր չեկավ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանին:
«Մի քիչ կոռեկտ պահեք, տիկին Փոստանջյան,-ասաց նա, ապա դավաճանություն բառը լսելով` բորբոքվեց.-Պորտից ներքև ասել եմ չիջնեք. ես էլ եմ կողմ քվեարկելու, ես դավաճա՞ն եմ»:
Լսումներին ներկաները սկսեցին տեղերից ռեպլիկներ անել, ինչին ի պատասխան Վ. Այվազյանը նկատեց, որ այդպիսի ծանր պայմաններում էլ աշխատում են, իսկ ելույթի համար ձայն վերցրած ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը ուղղակի նկատեց. «Ինչ տխուր կլիներ, եթե 2013թ-ին նախագահ ընտրվեր Րաֆֆի Հովհաննիսյանը....»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ