Շարմազանով. ԱԺ-ը հայտարարություն կընդունի Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների և հույների ցեղասպանության մասին
«Օսմանյան կայսրությունում ցեղասպան քաղաքականությունը պետք է դատապարտվի և ես խորհրդակցել եմ թե ասորական և թե հունական համայնքների հետ ու գաղափարն ինքնին ողջունելի է»,-ԱԺ նստաշրջանի ընթացքում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման օրինագծին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշեց, որ ինքը և քաղաքական մեծամասնությունը մոտ ապագայում նախաձեռնելու են ՀՀ ԱԺ հայտարարության ընդունում, որը կդատապարտի Օսմանյան կայսրությունում ոչ միայն հույների, այլ նաև ասորիների և եզդիների ցեղասպանությունը. «Ես մեր բոլոր գործընկերներին կոչ եմ անում միանալ այդ քննարկումներին»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը անդրադառնալով խնդրին նշեց. «Մենք որպես ժողովուրդ պարտավոր ենք դատապարտել ոչ միայն Օսմանյան Թուրքիայում, այլ ընդհանրապես համաշխարհային պատմության ընթացքում տեղի ունեցած մարդկության դեմ այդպիսի ոճրագործությունները»:
Ս. Ֆարմանյանը ողջունեց Էդուարդ Շարմազանովի նախաձեռնությունը: