Հայաստանում կներդրվեն սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաներ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Այ Բի Էմ Եվրոպա և Ասիա» ընկերության միջև ստորագրված երկարաժամկետ համագործակցության հուշագրով նախատեսվում է Հայաստանում ներդնել սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաներ և հաշվողական համակարգեր:
Այս նպատակով այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրոնցում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-քննարկում, որին ներկա էին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՍԱՊԾ պետ Արմեն Աբրահամյանը, ԿՀԻԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը, փոխնախարարներ, նախարարության այլ աշխատակիցներ, USAID հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով համագործակցության հուշագրին, նշեց, որ այն հանդիսանում է նախարարության կողմից իրականացված երկարատև նախապատրաստական աշխատանքների շարունակականության արդյունքը: Ընդգծելով սոցիալական ոլորտում հուշագրով նախատեսվող ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը` նախարարը նաև խոսեց վերջին երեք տարիներին այդ ուղղությամբ կենսաթոշակային ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների մասին: Նախարարի խոսքով` տեղեկատվական ոլորտի նոր տեխնոլոգիաները սկզբում նախատեսվում է ներդնել զբաղվածության համակարգի ուղղությամբ, որն էլ ավելի արդյունավետ պետք է դարձնի այդ ոլորտում իրականացվող քաղաքականությունը:
Վերջինիս դիտարկմամբ` սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիների ներդրումը նշանակալի նորամուծություն է, քանզի առաջադրում է ծառայությունների ավտոմատացման համընդգրկուն լուծումներ, որոնք հասանելի կդարձնեն ոլորտին առնչվող տեղեկատվության տարբեր աղյուրներ և վերլուծություններ, միաժամանակ կմշակվեն առավել հեռանկարային բարձրորակ սոցիալական ծառայություններ:
Նախատեսվում է նաև Հայաստանում գործարկել «Այ Բի Էմ» սոցիալական ծառայությունների «ԿՈՒՌԱՄ»համակարգի հենքի վրա տարածաշրջանային տեխնոլոգիական Գերազանցության կենտրոն, որը հնարավորություն կտա ոչ միայն Հայաստանում ունենալ սոցիալական ոլորտը սպասարկող ժամանակակից տեխնոլոգիաներ, այլ նաև վերջիններս արտահանել այլ երկրներ:
Հիշեցնենք, որ սույն թվականի դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Վաչե Գաբրելյանի մասնակցությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ու «Այ Բի Էմ» ընկերության փոխնախագահը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության և Հայաստանում սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոն ստեղծելու վերաբերյալ հուշագիր:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ