Ա.Պետրոսյան. Մոսկովյան հանդիպումների առավելագույն արդյունքը բանակցային գործընթացի վերագործարկումն է
Հունվարի 26-29-ին շուրջ 1-ամյա ընդմիջումից հետո Մոսկվայում բանակցություններ են ընթանալու նախ սիրիական ընդդիմության ներկայացուցիչների միջև, ապա՝ ընդդիմություն-իշխանություն ձևաչափով: Մոսկովյան հանդիպումների և դրանց հնարավոր արդյունքների մասին Panorama.am-ի թղթակիցը զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ:
-Ի՞նչ է իրենից ներկայացնում սիրիական հակամարտ կողմերի հանդիպման մոսկովյան ձևաչափը և ովքե՞ր են դրան մասնակցելու:
- Դեռևս սիրիական ճգնաժամի սկզբնական փուլերից Ռուսաստանը պաշտոնապես որոշ կապեր էր հաստատել հիմնականում ներսիրիական ընդդիմության մի շարք կառույցների հետ. նպատակը՝ Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական դիմակայության պայմաններում սիրիական հիմնախնդրի քաղաքական կարգավորման անհրաժեշտության պարագայում իշխանություն-ընդդիմություն բանակցային ձևաչափի ապահովումն էր, ինչին ականատես ենք լինում տվյալ դեպքում. այսինքն՝ մոսկովյան բանակցությունները հենց այս տրամաբանության մեջ են: Եվ թեպետ դրանց մասնակցում է ընդդիմադիրների առավել լայն ձևաչափ, քան ասենք, 2014 թ. ժնևյան գործընթացում էր, երբ հակակառավարական կողմը ներկայացնում էր միայն արտաքին ընդդիմությունը ներկայացնող կառույցը՝ «Սիրիական ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան» (ՍԸՀՈՒԱԿ), այնուամենայնիվ, դրանք ներկայացնում են բացառապես ներսիրիական ընդդիմադիր կառույցները, և հետևաբար քաղաքական տեսանկյունից, այս հանգամանքն արդեն իսկ էականորեն նսեմացնում է մոսկովյան հանդիպումների հաջողության աստիճանը: Մյուս կարևոր հանգամանքը, որ պետք է ընդգծել, դա հանդիպման մասնակիցների ոչ այնքան բարձր ներկայացուցչական մակարդակն է. մասնավորապես, բանակցություններն ընթանալու են ոչ ղեկավար շրջանակների մասնակցությամբ. ի դեպ, իշխանությունը ներկայացնող պատվիրակությունն էլ գլխավորում է ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին:
-Ստացվում է՝ ակնկալիքները բանակցություններից այնքան էլ մեծ չեն կարող լինել:
-Գիտեք՝ մոսկովյան հանդիպումների արդյունքների հետ կապված լուրջ ակնկալիքներ չունեն անգամ դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները: Ըստ իս՝ դրանց ամենամեծ արդյունքը հենց բանակցությունների անցկանցման իրողությունն է: Վերջին մեկ տարվա ընթացքում և′ Սիրիայում, և′ նրա շուրջ տեղի ունեցող գործընթացները ստեղծել են որակապես նոր իրավիճակ սիրիական հակամարտության շրջանակներում՝ մոռացության մատնելով խնդրի քաղաքական հարթությունը: Այսպես՝ 2014 թ. հունվար-փետրվարին հիմնախնդրի կարգավորմանը միտված «Ժնև 2» միջազգային համաժողովի ձախողումից հետո, ըստ էության, բանակցային գործընթացը վերականգնելու եզակի հնարավորություն են ընձեռում մոսկովյան հանդիպումները: Եվ դրանց առավելագույն հաջողությունը կարող է լինել շփումները շարունակելու անհրաժեշտության առաջացումն արդեն միջազգային նոր համաժողովի շրջանակներում, որին կարող է միանալ նաև արտասիրիական ընդդիմության ամենաառանցքային ներկայացուցիչը՝ «ՍԸՀՈՒԱԿ»-ը: Վերջինն, ինչպես արդեն նշել եմ, թեպետ մոսկովյան հանդիպումներին չի մասնակցում, բայց դրանից առաջ՝ հունվարի 22-24-ին Կահիրեում մասնակցել է սիրիական ներքին և արտաքին ընդդիմադիր կառույցների մասնակցությամբ համաժողովին, որի վերջնարդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու շփումները՝ հակամարտության կարգավորման հարցում ընդհանուր դիրքորոշում մշակելու գործում: Այս համատեքստում, պետք է փաստել ևս մեկ իրողոթյուն. ի տարբերություն, ասենք, սրանից մեկ տարի առաջ կազմակերպված ժնևյան գործընթացի, սիրիական ընդդիմադիր կառույցներն ավելի նախաձեռնողական են դարձել, որի պատճառը, բնականաբար, երկրի ներսում առկա իրավիճակն է, երբ ընդդիմադիր քաղաքական կառույցները և հատկապես արտաքին ընդդիմությունը հայտնվել է թե՛ քաղաքական, թե՛ ռազմական գործընթացների լուսանցքում:
-Իսկ ինչպիսի՞ն է սիրիական հակամարտության արտաքին խաղացողների դիրքորոշումը մոսկովյան հանդիպումների հարցում, և ի՞նչ շահեր է հետապնդում Ռուսաստանը՝ նման միջնորդություն իրականացնելով:
-Բնական է՝ առնվազն ձևական առումով տրամադրվածությունը դրական պետք է լինի: Ի տարբերություն նախկին նմանատիպ գործընթացների, այս դեպքում արտաքին միջնորդությունն այնքան էլ էական չէ. ձևաչափին իրենց աջակցության մասին են հայտարարել ԱՄՆ-ը, Եգիպտոսը, ՄԱԿ-ը: Անհերքելի է նաև, որ ներկա աշխարհաքաղաքական գործընթացների և Սիրիայում՝ փաստացի առկա իրավիճակի պայմաններում քաղաքական գործընթացները և հատկապես Ռուսաստանի նախաձեռնությամբ, երկրորդական են: Նման իրավիճակում այս հանդիպումների ամենակարևոր նշանակությունը որևէ քաղաքական գործընթացի առկայությունն է, և մոսկովյան պլատֆորմն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել առավել լայն միջազգային ձևաչափում խնդիրն արծարծելու նպատակով: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նման հանդիպում կազմակերպելով՝ Մոսկվան նախ և առաջ կրկին անգամ վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ճգնաժամի քաղաքական կարգավորմանն այլընտրանք չտեսնելու և նման գործընթացներին առավելագույն աջակցություն ցուցաբերելու հարցում: Մյուս կողմից, սիրիական հակամարտության շրջանակներում որոշակի նախաձեռնողականություն դրսևորելով, Ռուսաստանը ցանկանում է ընդգծել դրանում առանցքային գործոն լինելու հանգամանքը, որը էականորեն ստվերում էր մնացել ուկրաինական հիմնախնդրով պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրողությունների և հատկապես՝ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային ռազմական կոալիցիայի գործունեության հետևանքով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ