Հայաստանի հետ ծրագրերի իրականացման լուրջ քաղաքական կամք գոյություն ունի. Իրանի ԱԳ նախարար
«Հայաստանի և Իրանի միջև խնդիրներ չկան: Ավելի շուտ դրանք տեխնիկական հարցեր են, որոնք հնարավոր է լուծել»,- Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, որ իրանական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնում երկաթուղու, ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան գազամուղի կառուցման վերաբերյալ, արդյո՞ք ներդրումների, թե քաղաքական կամքի բացակայությունն է, որ այդ ծրագրերը կյանքի չեն կոչվում:
«Ծրագրերը կյանքի կոչելու և պատրաստակամություն կա, և ցանկություն: Երկու կողմերի միջև ձեռք են բերվել պայմանավորվածություններ, քննարկվել են բոլոր ծրագրերն ու հարցերը: Հույս եմ հայտնում, որ բոլոր ծրագրերը շուտով կյանքի կկոչվեն, առաջ կշարժվենք, որպեսզի ռեալ արդյունքներ տեսնենք»,- ասաց նախարարը:
Իրանցի նախարարը կիսեց հայ գործընկերոջ հնչեցրած տեսակետները, նշեց, որ ծրագրերն իրականացնելու համար գոյություն ունի լուրջ քաղաքական կամք, ուղղակի անհրաժեշտ են որոշ տեխնիկական խնդիրներ հաղթահարել:
«Իրանական կողմը ՀԷԿ-ի իրականացնողն է, ներկայացրել է որոշակի տեխնիկական պարամետրեր, դրանց վերաբերյալ պատասխաններ ստանալուց հետո առաջընթացի հնարավորությունները բացվում են: Երկաթգծի հետ կապված եռակողմ շատ լավ քննարկում է եղել, լավ որոշում է կայացված: Մենք հույս ունենք, որ արագ առաջ կընթանա: Մնացած ոլորտներում՝ էներգետիկայի, գազի, էլեկտրաէներգիայի, Իրանում արդյունավետ բանակցություններ են ընթացել, համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք միգուցե արդյունք կտան»,- ասաց նա:
Մոհամադ Ջավադ Զարիֆը նշեց, որ ծրագրերի իրականացման համար ֆինանսական խնդիրներ եղել են, որոնց մեծ մասը Հայաստանի կառավարության դերակատարությամբ լուծվել են:
«Մենք հույս ունենք, որ գոյություն ունեցող քաղաքական կամքի շնորհիվ մնացած խնդիրները կլուծվեն»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը: