Իրանն ու Միացյալ Նահանգները «Իսլամական պետության» դեմ պայքարում ընդհանուր շահեր ունեն
«Իրանն ու Միացյալ Նահանգները «Իսլամական պետության» դեմ պայքարում ընդհանուր շահեր ունեն»,-այդ մասին իրանական «Ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին:
Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը կոնգրեսականների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանում ընթացող զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրանցիներն այնպիսի քայլեր են ձեռնարկել, որոնք մեզ օգնում են «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ չնայած մենք այդ հարցում Իրանի հետ որևէ համաձայնեցում չենք կատարում»:
Շարունակելով խոսքը՝ Քերին հավելել է. «Իրանցիներն իրենց ողջ ջանքերը գործադրում են «Իսլամական պետության» դեմ պայքարում և ներկայում նրանք ոչնչացնում են այդ խմբավորման անդամներին, որոնք մոտեցել են Իրանի և Իրաքի սահմանին»:
Հավելենք, որ օրերս «Deutsche Welle» լրատվական գործակալության իրանական ծառայությունը, հղում անելով ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականին, տեղեկացրել էր, որ Իրանի հոգևոր առաջնորդը մի քանի շաբաթ առաջ հղած նամակով պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ «հարգալից ձևով» չընդունելով Օբամայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում համատեղ համագործակցության մասին առաջարկը:
Իսկ ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ուժերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին, անդրադառնալով տարածաշրջանում տիրող անկայուն իրավիճակին, մասնավորապես նշել է. «Հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետությունը» և այլ ահաբեկչական խմբավորումներն ինչպիսի ծանր հարված ստացան, վստահաբար կարելի է պնդել, որ այս խմբավորման վախճանը մոտենում է»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ