Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի վարչապետը չի կարող ազդել միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վրա
«Իսրայելի վարչապետի նպատակը անկայունություն և բախումներ հրահրելն է»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Նշենք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր ելույթով հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում: «Ազատություն» ռադիոկայանի իրանական ծառայության հաղորդմամբ՝ Իսրայելի վարչապետն արդեն երկու անգամ ելույթ ունեցել է Կոնգրեսում, սակայն նախատեսվող ելույթի կարևորությունը կայանում է նրանում, որ ներկա փուլում Միացյալ Նահանգները փորձում են Իրանի հետ միջուկային խնդրի հարցում համաձայնության հասնել:
Տեղեկատվության համաձայն՝ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ամերիկացի կոնգրեսականների հետ խոսելու է միջուկային հարցում Իրանի հետ ձեռք բերվելիք համաձայնության վտանգների մասին:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Նեթանյահուի նախատեսվող ելույթին, մասնավորապես նշել է. «Իսրայելի վարչապետը ջանքեր է գործադրում, որպեսզի ազդի միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների վրա, սակայն չեմ կարծում, որ նա կկարողանա դա իրագործել»:
«ՖԱՐՍ»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սպիտակ տանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Վերջնական համաձայնության հասնելու համար Իրանը պետք է տաս տարով սահմանափակի միջուկային ոլորտում իր գործունեությունը»:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, արձագանքելով Օբամայի վերոնշյալ հայտարարությանը, մասնավորապես նշել է. «Ակնհայտ է, որ պարոն Օբամայի հայտարարության նպատակը հասարակության վստահությանն արժանանալն է, սակայն պետք է նշեմ, որ Իրանը մասնակցում է բանակցություններին, որպեսզի կարողանա պաշտպանել միջուկային էներգիային առնչվող Իրանի ժողովրդի իրավունքները: Իրանը երբե՛ք չի ենթարկվի անտրամաբանական և առավելագույն պահանջներ ներկայացնող հակառակ կողմին»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ