Տուբերկուլոզ, հեպատիտ C և ներհիվանդանոցային վարակներ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ. քննարկումներ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով հատուկ բանագնաց Միշել Կազաչկինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
«Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանում: Կարծում եմ տուբերկուլոզի դեմ պայքարում «Գլոբալ» հիմնադրամի, ինչպես նաև ՄԱԿ-ի ենթակառուցվածքների հետ երկար տարիների համագործակցությունը գերակա ուղղություն է մեզ համար»,- ողջունելով առաջին անգամ Հայաստան ժամանած հյուրին ասել է ՀՀ առողջապահության նախարարը:
Նա նշել է, որ միջազգային կառույցների ջանքերի և աջակցության շնորհիվ Հայաստանը կարողացել է հիվանդության` հատկապես արտագնա աշխատանքով պայմանավորված տարածվածությունը կանխարգելելու նպատակով իրականացնել բավականաչափ աշխատանք:
Միշել Կազաչկինը նշել է, որ ծանոթ է Հայաստանում իրականացվող առողջապահական առաջին իսկ ծրագրերին:
«Ցանկանում եմ նաև շնորհավորել ձեր կառավարությանը և քաղաքացիական հատվածին տուբերկուլոզի դեմ պայքարի գործում գրանցած հաջողությունների համար: Կարծում եմ միջազգային հանրությունը դա տեսնում և գնահատում է»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով հատուկ բանագնացը:
Նրա այցելությունը Հայաստան կենտրոնացած է ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրերում ձեռքբերումների կայունության ապահովման և խոցելի խմբերի հետ կապված հարցերի վրա:
Միշել Կազաչկինը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում կարևորել է նաև մեր երկրի ֆինանսական կայունության հարցը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հեպատիտ C-ի և ներհիվանդանոցային վարակների դեմ պայքարին, ՀՀ «Դեղերի մասին» օրենքին, դեղերի պետական գնումների գործընթացին, ինչպես նաև ՄԻԱՎ-ի թեստավորման միջոցով հայտնաբերմանը: Նշվել է, որ Հայաստանը բարձր գնահատական է ստացել ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի (UNAIDS) և ԱՀԿ-ի կողմից տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի ոլորտներում ունեցած ձեռքբերումների և տարածաշրջանում լավ մոդել հանդիսանալու համար, ներառյալ ՕՓԲ (oփիոիդներով (մեթադոնով) փոխարինող բուժում) ոլորտում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ