Սերժ Սարգսյանի հրաժարականը չենք պահանջում, քանի որ դա բարոյականության հարց է. ՕԵԿ
«Օրինաց երկիր» կուսակցությունը ընդդիմություն է, բայց չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Մենք չենք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք պայքարում ենք խնդիրների լուծման համար, համագործակցում ենք ընդդիմադիր ուժերի հետ»,- ասաց նա:
Հստակեցնող հարցին, թե այդ պարագայում ի՞նչ ընդդիմություն են, Շահգելդյանը պատասխանեց, որ ընդդիմություն են այն մոտեցումներին ու քաղաքականությանը, որոնք չեն համապատասխանում իրենց մոտեցումներին ու սկզբունքներին:
«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք մեկ տարի առաջ հայտարարեցինք, որ մենք չենք պահանջելու հրաժարականը, քանի որ ընտրություններում պաշտպանել ենք նրա թեկնածությունը: Դա բարոյականության հարց է»,- իր հերթին հստակեցրեց խմբակցության մյուս անդամ Հովհաննես Մարգարյանը:
Անդրադառնալով լուրերին, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքած անդամները համալրում են ՕԵԿ-ի շարքերը, Շահգելդյանը չհերքեց, բայց նաև ասաց. «Մեր օրակարգում ԲՀԿ-ականներին ներգրավելու խնդիր դրված չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին