«CyprusMail». Հայերն ամբողջ աշխարհում միավորվել են և չեն դադարի պայքարել
Եկող շաբաթ կթողարկվի հայ-կիպրական նամականիշ, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Իրադարձությունը, ինչպես այսօր նշել են փոստային ծառայությունները, ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասն է կազմելու: Այս մասին հաղորդում է «CyprusMail» գործակալությունը: Կիպրոսի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի պատգամավոր, հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը եկող շաբաթ միջոցառում է նախատեսում, որի ընթացքում նամականիշը կներկայացվի եկու երկրներին ներկայացուցիչներին:
Նամականիշի վրա պատկերված է լինելու շատ հայտնի, սակայն ներկայումս չգործող Նիկոսիայի հայկական Մելքոնյան վարժարանը, որն ի սկզբանե ծառայել է որպես որբանոց` ցեղասպանությունից փրկված հայ երեխաների համար:
Կիպրոսում կայանալիք միջոցառմանը ներկա է գտնվելու նաև Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Մահդեսյանը կիպրական լրատվական գործակալությանը հայտնել է նաև, որ նախաձեռնության նպատակը 1,5 միլիոն հայերի հիշատակը հարգելն է, ովքեր զոհ դարձան 1915թ.-ին Թուրքիայի կազմակերպած ցեղասպանությանը:
«Միևնույն ժամանակ սա կոչ է մարդկությանը`ապագայում նմանատիպ ողբերգություններից խուսափելու համար: Հայերն ամբողջ աշխարհում միավորվել են և չեն դադարի պայքարը, քանի դեռ չեն հասել ցեղասպանության դատապարտմանը»,-նշել է Մահդեսյանը:
Նյութում անդրադարձ կա նաև Ցեղասպանության 100-ամյա տարելիցի սիմվոլ անմոռուկին. 5 թերթիկները խորհրդանշում են 5 մայրցամաքները, որտեղ ապաստան գտան ցեղասպանությունից փրկված հայերը`ձևավորելով հայկական սփյուռքը:
Մանուշակագույնը խորհրդանշում է հայոց եկեղեցին և ապագան, 5 փոքր թերթիկները խորհրդանշում են հույսը և ներկան: 12 դեղին նիշերը խորհրդանշում են Ծիծեռնակաբերդի 12 սյուները, որոնք իրենց հերթին հավերժացնում են ոչ միայն զոհերի հիշատակը, այլև խորհրդանշում են արևի լույսն ու կյանքի շարունակականությունը: Ծաղկի սև կենտրոնը մարմնավորում է ցեղասպանության սարսափները:
Բացի նամականիշի շնորհանդեսը` միջոցառումն իր մեջ ներառում է նաև ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, դասախոսություններ, վավերագրական և մշակութային ներկայացումներ:
Վերջում հավելենք, որ միջոցառման շրջանակներում անգլերեն և հունարեն լեզուներով կհրատարակվի գիրք, որը կներառի 1914-23թթ.-ին տեղական մամուլում ցեղասպանության թեմայով բոլոր պահպանված հրատարակումները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ