The Sacramento Bee. Հայոց ցեղասպանության ողբերգությունը. Կալիֆոռնիայում հաստատված հայերի պատմությունը
Ամերիկյան The Sacramento Bee պարբերականում հրապարակված Հայոց ցեղասպանությանը նվիրված հոդվածում ֆրեզնոյաբնակ հոդվածագիր Մարկ Արաքսը պատմում է 1915 թվականի ողբերգական դեպքերի մասին` փորձելով ցույց տալ, թե ողբերգությունից հետո հայրենիքից հեռացած հայությունը ինչպես կարողացավ նոր կյանք սկսել աշխարհի տարբեր անկյուններում:
Հեղինակը նկարագրում է, թե ինչպես է ինքը վաղ մանկությունից իր հարազատներից ու բարեկամներից ամեն առիթով լսել 1915 թվականի դեպքերի մասին, և թե որքան դաժան են այդ ամենը եղել:
«Նրանց պատմածները որքան էլ սարսափելի լինեին հավատալու համար, միևնույնն է դրանք իրականություն էին` մահվան երթեր անատոլիական դաշտավայրով, գլխատված հայ տղամարդիկ, բռնաբարված և խարույկի վրա այրված հայ կանայք, օսմանյան զինվորների և նրանց քուրդ աջակիցների սրերից ընկած հայ մանուկներ»,- գրում է հեղինակը:
Շարունակելով` հոդվածագիրը հիշում է, թե ինչպես էր իր մորական պապը պատմում այն մասին, որ ընտանիքի ավելի քան 42 անդամներ սպանվել էին օսմանյան թուրքերի կողմից, և միայն իրեն էր հաջողվել Աստծո կամոք փրկվել:
Հաջորդիվ հոդվածագիրը պատմական փաստեր է ներկայացնում Հայոց ցեղասպանության մասին և այդ համատեքստում փորձ կատարում շեշտը դնել ոչ այնքան անցյալի դաժան պատմությունները և դեպքերը վերապատմելու և շարադրելու վրա, որքան այդ ամենից հետո հայության մի ստվար հանտվածի աշխարհի տարբեր տեղերում հաստատվելու և նոր կյանք սկսելու վրա:
Այս առումով հոդվածագիրը առանձնացնում է Ֆրեզնոյի հայաբնակ Ֆաուլեր քաղաքը, նրա հայազգի բնակիչներին` մասնավորապես Ռաստիգյանների ընտանիքի պատմությունը:
«Ֆաուլերը սկզբում չամիչի քաղաք էր, այնուհետև դարձավ ծիրանի, հետո դեղձի և այդպես շարունակ: Տարիների ընթացքում փոխվեցին պտուղների տեսակները, բայց անփոփոխ մնացին այն աճեցնողների անունները` Բեդրոսիան, Փարնագիան, Սիմոնյան, Գավրոյան…»,- գրում է հոդվածագիրը:
Խոսելով Ռաստիգյանների ընտանիքի և արդեն պատմական հայրենիքից հեռու ծնված նրանց ժառանգների մասին` հոդվածագիրը ցույց է տալիս, թե ինչպես, կրելով անցյալի ողբերգության ցավը, նրանք կարողացել են վերապրել այն ու սկսել նոր կյանք, իսկ որպես այդ ամենի խորհրդանիշ` հանդես է գալիս նրանց խաղողի այգին, ճիշտ այնպիսին, ինչպիսին ունեցել են իրենց պատմական հայրենիքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ