Ամերիկացի կոնգրեսականները Օբամային հորդորել են շարունակել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները
«Ամերիկացի 150 կոնգրեսականներ նախագահ Օբամային հորդորել են շարունակել Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունները»,-այդ մասին հաղորդում է իրանական «Իրդիփլոմասի.իռ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի շուրջ 150 անդամներ նամակ են հղել նախագահ Բարաք Օբամային` շնորհակալություն հայտնելով Իրանի միջուկային խնդիրը լուծելու համար քաղաքական տարբերակն ընտրելու համար և հորդորել խնդրի հանգուցալուծման շուրջ շարունակել բանակցությունները:
Ամերիկացի կոնգրեսականներն Օբամային նախազգուշացրել են, որ եթե Միացյալ Նահանգները լքեն բանակցությունների սեղանը կամ դրանք տապալվեն, ապա ոչ միայն կտապալվի Իրանի միջուկային ծրագրի իրագործումը խաղաղ ճանապարհով կանխելու գործընթացը, այլև այդ դեպքում Իրանի նկատմամբ սահմանված բազմակողմանի պատժամիջոցների քաղաքականությունը ևս կտապալվի, իսկ այդ դեպքում Իրանը հավանաբար առանց խնդիրների կշարունակի իրագործել իր միջուկային ծրագիրը:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն օրերս ամերիկյան «PBS» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի հանդեպ ամերիկացիների ունեցած մտահոգություններին, մասնավորապես նշել է. «Եթե անհանգստացած եք միջուկային զենքով, ապա ինչո՞ւ ճնշում չեք գործադրում Իսրայելի վրա, որը շուրջ 200 հատ անօրինական միջուկային մարտագլխիկ ունի: Իրանը վերջին 8 տարվա ընթացքում 8 հատ ատոմային ռումբ ստեղծելու համար բավարար հումք է ունեցել, սակայն երբեք դա չի արել»:
Նշենք, որ Իրանի և «5+1 խմբի» վճռորոշ հանդիպումը տեղի էր ունեցել ապրիլի 2-ին՝ Լոզանում, որտեղ Իրանի միջուկային խնդրի լուծման սկզբունքների շուրջ կողմերը հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ: