Գեներալներին պառլամենտական բառապաշար սովորեցնելու կարիք չկա. ՀՀԿ-ական
Պառլամենտական էթիկայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցներում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` արձագանքելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հայտարարությանը:
«Ես կարծում եմ, որ նման լսումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա», -ասաց Մելիքյանը` պատասխանելով հարցին, թե կա՞ նման լսումներ անցկացնելու անհրաժեշտություն և արդյոք հնարավո՞ր է այդ լսումների միջոցով գեներալ պատգամավորներին (Սարոյան, Գրիգորյան) սովորեցնել խոսել պառլամենտական բառապաշարով:
Նշենք, որ նույն ճեպազրույցներում Հակոբյանը հայտարարել էր, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ ԱԺ Հանրապետական պատգամավոր Սեյրան Սարոյանի պահվածքից հետո ինքը մտադիր է պառլամենտական էթիկայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկ ներկայացնել:
Գագիկ Մելիքյանը նաև ասաց, որ Ազգային ժողովն ունի Էթիկայի հանձնաժողով և շատ հեշտությամբ կարող են դիմել այդ հանձնաժողովին:
Նախորդող հրապարակում`
Այն, ինչ կատարվում է պառլամենտում երբեմն, կարելի է նույնը տեսնել նաև փողոցում. Ռուբեն Հակոբյան