ԵԱՀԿ-ի հայտարարությունը Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ
Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները աչքի են ընկել մասնակցության և ակտիվության բարձր մակարդակով, ընդ որում ինչպես քարոզարշավի ժամանակ, այնպես էլ ընտրությունների օրը: Այս մասին ասված է ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ: Հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
«Ընտրողները քվեարկության ժամանակ ընտրանքի մեծ հնարավորություն են ունեցել՝ ի դեմս ընտրություններին մասնակցող բազմաթիվ կուսակցությունների, սակայն 10%-ի շեմը սահմանափակում է քաղաքական բազմակարծությունը», -ասված է դիտորդների հայտարարության մեջ:
Դիտորդները նշում են, որ մամուլի ոլորտի ազատությունը լուրջ անհանգստություն է առաջացնում, քանի որ տարբեր ԶԼՄ-ներ ներկայացնող և անհատ լրագրողներ, ովքեր քննադատում են իշխող կուսակցությանը, ահաբեկվում և ճնշումների են ենթարկվում ընտրարշավի ընթացքում:
«Ես զարմացած էի երեկ՝ տեսնելով մարդկանց այդ աստիճան ակտիվությունը և ներգրավվածությունը ընտրական գործընթացին, մանավանդ վերջին ճնշումներից և ողբերգական կորուստներից հետո: Նրանց ներգրավվածությունը ընտրություններին ցուցադրում է հավատարմությունը ժողովրդավարական ընտրություններին: Մնացած մարտահրավերները, այդ թվում ԶԼՄ-ների ազատությունների սահմանափակումը, խորհրդարան մտնելու բարձր շեմի առկայությունը, պետք է լուծվեն, որպեսզի ավելի լավ արտացոլվի մարդկանց ընտրությունը»,-նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Վիլիա Ալեկնայթ Աբրամիկիեն:
Դիտորդների կարծիքով՝ հիմնարար ազատությունները ընդհանուր առմամբ հարգվել են: Ցավոք, քարոզարշավը աչքի է ընկել մրցակից կուսակցությունների գրասենյակների վրա հարձակումներով, ֆիզիկական բռնաճնշումներով:
Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Էրդողանը ակտիվ դերակատարություն է ունեցել նախընտրական քարոզարշավին, չնայած նրան, որ սահմանադրությունը պարտավորեցնում է լինել անկուսակցական, վերջինս հրապարակային միջոցառումները օգտագործել է իշխող կուսակցության օգտին քարոզչություն իրականացնելու և քննադատելու ընդդիմադիր թեկնածուներին: