«Sunday times». Բարաք Օբաման նպատակ ունի 2016թ. այցելել Իրան
«Բարաք Օբաման նպատակ ունի 2016թ. այցելել Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը՝ հղում անելով բրիտանական «The Sunday times» պարբերականին:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նպատակ ունի 2016թ. այցելել Իրան և հայտարարել երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին:
Նշենք, որ 1979թ. նոյեմբերի 4-ին ԻԻՀ հիմնադիր Էմամ Խոմեյնիի կողմնակիցները գրավեցին Միացյալ Նահանգների դեսպանության շենքը՝ պատանդ վերցնելով դեսպանության 52 աշխատակիցների: Իրանցիները ԱՄՆ-ից պահանջում էին Մոհամմադ Ռեզա շահին հանձնել իրենց, որը մեկ օր առաջ բուժման նպատակով մեկնել էր Միացյալ Նահանգներ: Ամերիկացի դիվանագետները գերության մեջ մնացին 444 օր, նրանք 1981թ. հունվարի 20-ին՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը, Վաշինգտոնում Ալժիրի դեսպանության միջնորդությամբ ազատ արձակվեցին:
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանի և Վաշինգտոնի միջև խզվեցին դիվանագիտական հարաբերությունները:
2013թ. սեպտեմբերի 28-ին Իրան-ԱՄՆ հարաբերություններում տեղի ունեցավ պատմական իրադարձություն. 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ կայացավ Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, ՄԱԿ-ի ԳԱ վեհաժողովի շրջանակներում հանդիպեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները, Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո առաջին անգամ միջուկային խնդրի շուրջ կայացավ Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ