Ինչո՞վ էր վատ ներկայիս Սահմանադրությունը. Արամ Գասպարիչ
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը կարծում է, որ Սահմանադրության նախագիծը քննարկելն անիմաստ է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:
«Այս նախագիծը անճշտություններով լի է և պետք է վերադարձնել հեղինակներին` միգուցե խմբագրեն: Մենք իրենց կօգնենք այդ հարցում», -հավելեց Սարգսյանը:
Նա ասաց, որ ուսումնասիրել են Սահմանադրության նախագիծը և եզրակացրել, որ դրանով փորձ է արվում ավելի շատ լիազորություններ տալ վարչապետին։ Ինչ վերաբերում է իշխող Հանրապետական կուսակցության վերարտադրվելու ձգտմանը, Սարգսյանը հայտարարեց. «Իհարկե ՀՀԿ-ն վերարտադրվելու ցանկություն ունի։ Նրանք հայտարարում են, որ դեռ երկար են քայլելու Մելիք Ադամյան փողոցով, որպեսզի ինչ-որ բանի հասնեն։ Եթե Սահմանադրությունը մնա թղթի վրա, կլինեն այն խախտելու բոլոր հնարավորությունները։ Ինչո՞վ էր վատ ներկայիս Սահմանադրությունը, ինչո՞վ այն թույլ չէր տալիս պայքարել կաշառակերության ու օլիգարխների դեմ և սոցիալական արդարության սկզբունք սահմանել»: