«The Economist». «Էրդողանն ԻՊ-ի դեմ պայքարն օգտագործում է ներքաղաքական նպատակներով»
«Թուրքիայի արևմտյան դաշնակիցները գնալով ավելի շատ են անհանգստանում այդ երկրի կամակոր նախագահից: Տանը նա դարձել է ավտորիտար առաջնորդ և ցանկանում է փոխել սահմանադրությունը` իր ձեռքում ավելի մեծ իշխանություն կենտրոնացնելու համար, իսկ դրսում նրան ընկալում են որպես Սիրիա մուտք գործելու համար գրոհայինների հանդեպ բարեհամբույր վերաբերմունք ցուցաբերող»,- գրում է բրիտանական «The Economist» պարբերականը` պնդելով, որ Էրդողանի գործողությունները կարող են էլ ավելի խորացնել մերձավորարևելյան քաոսը:
Այնուհետև պարբերականը հիշեցնում է, որ նախկինում, երբ անհրաժեշտություն կար Թուրքիան թույլ չտվեց, որպեսզի Արևմտյան բլոկը ԻՊ-ի դեմ պայքարում օգտագործի իր տարածքը, իսկ հիմա ինքն է նախաձեռնել ԻՊ-ի դեմ պայքար, որն, ըստ պարբերականի, ավելի շատ քրդական օբյեկտները գնդակոծելու տպավորություն է թողնում:
Պարբերականի դիտարկմամբ` Էրդողանը իրավիճակից օգտվելով ազգայնականներին տրամադրում է քրդերի դեմ, վտանգում քրդական խնդրի մնայուն լուծման հավանականությունը և այս կերպ թուլացնում պայքարը ԻՊ-ի դեմ:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և ԻՊ-ի դեմ պայքարին Թուրքիայի ներգրավվածությանը` պարբերականը նկատում է, որ տարածաշրջանում ուժեղ բանակ ունեցող Թուրքիան կարող էր իրեն այլ կերպ պահել, եթե իրոք ցանկություն կար պայքարելու ԻՊ-ի դեմ: Որպես օրինակ, որտեղ Թուրքիան իրեն կարող էր դրսևորել, պարբերականը բերում է Քոբանիի մարտերը:
«Բայց Էրդողանն ուներ այլ առաջնահերթություններ. Առաջին հերթին պարոն Էրդողանը իր անձնական առաքելությունն է դարձրել Սիրայի նախագահ Ասադից ազատվելը, այնուհետև նա ցանկանում է կանխել ԻՊ-դեմ պայքարում քրդերի հետագա հաջողությունները, իսկ առանց ԻՊ-ի տարածքները Թուրքիայի համար ավելի շատ քրդերից ազատված տարածքներ են հիշեցնում»,- գրում է բրիտանական պարբերականը:
Այնուհետև պարբերականը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կասկածներ կան, թե Էրդողանը ցանկություն ունի մերձավորարևելյան ճգնաժամը ծառայեցնել իր ներքին խնդիրների լուծմանը:
Պարբերականի դիտարկմամբ` հարվածներ հասցնելով PKK-ին, Էրդողանը նպատակադրված է առաջիկայում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում հասնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ստացած ձայների նվազեցմանը` արդյունքում իր համար խորհրդարանում ավել ձայներ ապահովել և հասնել նոր սահմանդրության ընդունմանը:
Այս համատեքստում պարբերականը զգուշացնում է, որ Էրդողանի պարծենկոտությունը երկիրը կարող է նետել մերձավորարևելյան քաոսի մեջ, ուստի պարբերականը խորհուրդ է տալիս ԱԶԿ-ի ղեկավար կազմին տուրք չտալ Էրդողանի բանսարկություններին, խորհրդարան անցած ուժերից մեկի հետ կոալիցիա կազմել և շարունակել քրդերի հետ խաղաղ երկխոսությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ