«Հայկական վերածնունդ». Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է
««Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպություների անունից հայտարարում է, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման կառավարման խորհուրդը նախօրեին տեղի ունեցած նիստից հետո:
Ըստ հաղորդագրության, կառավարման խորհրդի անդամները ևս մեկ անգամ վերահաստատել են «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ, որոնք հինգ սկզբունքային առաջարկությունների տեսքով պաշտոնապես հրապարկվել է մամուլում:
««Հայկական Վերածնունդ» հասարակական քաղաքական միավորումն իրեն մաս կազմող 110 քաղաքական կուսակցությունների և հասարակական կազմակերպություների անունից հայտարարում է, որ Սահմանադրական բարեփոխումների հրապարակված նախագիծը ներկա տեսքով անընդունելի է և ենթակա է լուրջ փոփոխությունների: Կարևորելով ՀՀ նախագահի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի պատրաստակամությունն ընդունելու միավորման առաջարկները, ևս մեկ անգամ վերահաստատում ենք առաջարկությունների սկզբունքային բովանդակությունը:
«Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումն անընդունելի է համարում խորհրդարանական կառավարման մոդելի ներդրման քողի ներքո ամբողջ իշխանությունը մեկ անձին` վարչապետին տրամադրելու փորձերը, որոնք ենթադրում են ոչ թե խորհրդարանական, այլ վարչապետական կառավարում, ինչն ավելի նման է ոչ թե խորհրդարանական, այլ նախագահական կառավարմանը: Փաստորեն «նախագահ» բառը փոխարինվում է «վարչապետ» բառով` առանց հակակշիռների և հավասարակշռության մեխանիզմների սահմանման:
Ահազանգելով իշխանության բալանսավորման համար անկատար մեխանիզմների առկայության առնչությամբ` միաժամանակ մտահոգություն ենք հայտնում, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգ հռչակելով փորձ է արվում «Ընտրական օրենսգրքում» ներառել մեծամասնական ընտրական համակարգի բաղադրիչները` դրանով իսկ վտանգելով այս փաստաթղթի կարևորագույն ձեռքբերումը` 100 տոկոս համամասնական ընտրակարգի ընդունումը: «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը նաև իր մտահոգությունն է հայտնում նախագծում երկրի ներքին և արտաքին անվտանգությանն առնչվող խնդիրների թերի կարգավորման առնչությամբ, ինչը հիմնարար նշանակություն ունի մեր երկրի համար, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային պայմաններում:
«Հայկական Վերածնունդը», պատրաստակամություն հայտնելով մասնակցել հետագա քննարկումներին, իշխանություններին կոչ է անում հաշվառել բոլոր փաստարկված առաջարկությունները և ձևավորել դիրքորոշումների համադրության, այլ ոչ թե հակադրության մթնոլորտ»,-մասնավորապես ասված է հաղորդարության մեջ:
Նախորդող հրապարակումներ՝
Շահգելդյանը՝ «Ժառանգության» որոշման մասին. Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր ռազմավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան