Վենետիկի հանձնաժողովը գոհ է սահմանադրական բարեփոխումների նախագծից. բոլոր առաջարկները հաշվի են առնվել
Վենետիկի հանձնաժողովն սեպտեմբերի 11-ի երեկոյան հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը: 16 էջից բաղկացած փաստաթղթում Հանձնաժողովի փորձագետները շարադրել են իրենց փորձաքննության արդյունքները սահմանադրական փոփոխությունների նախագծի 8, 9, 11 և 16-րդ գլուխների վերաբերյալ:
Նշված գլուխները վերաբերում են Դատախազությանը և քննչական մարմիններին, Տեղական ինքնակառավարման մարմիններին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Սահմանադրության ընդունմանը, փոփոխմանը և հանրաքվեին: Նշենք, որ մյուս գլուխների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը կարծիք ներկայացրել էր դեռևս հուլիս ամսին:
Այսօր հրապարակված փաստաթղթում Հանձնաժողովը նշել է. «Հայաստանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը բարձրորակ է և աջակցության ու ողջույնի է արժանի: Վենետիկի հանձնաժողովի հետ անկեղծ երկխոսության ու բեղմնավոր փոխանակման մթնոլորտը նախկինի պես շարունակվել է և հնարավորություն է ընձեռել Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին՝ մշակել մի տեքստ, որն այժմ համապատասխանում է միջազգային չափորոշիչներին»:
Փաստաթղթում նշվում է, որ առաջին միջանկյալ կարծիքում ներառված էին հիմնական չորս առաջարկություններ, որոնք բոլորն էլ ամբողջությամբ կամ մասնակիորեն հաշվի են առնվել: Ըստ այդմ՝ առաջարկություններից մեկը վերաբերում էր Ազգային ժողովի թեկնածուին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ նստակյացության ցենզին: Հիշեցնենք, որ նախնական տարբերակում նախագծի 47-րդ հոդվածով սահմանվում էր, որ պատգամավորի թեկնածու կարող են վերջին 5 տարում երկրում մշտապես բնակվող և միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձիք: Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն այս առաջարկությունը մասամբ ընդունել է՝ մշտական բնակության 5 տարին դարձնելով 4, ինչն ըստ միջազգային փորձագետների «առաջընթաց է»: Միաժամանակ նշվում է, որ նույն պահանջի երկրորդ բաղադրիչը, այն է՝ երկքաղաքացիների նկատմամբ սահմանվող սահմանափակումը մնացել է անփոփոխ:
Նախորդ կարծիքում Վենետիկի հանձնաժողովն առաջարկել էր վերանայել նաև ԱԺ ընտրությունների երկրորդ փուլի ինստիտուտը սահմանադրությամբ ամրագրելու մոտեցումը: Այսօր հրապարակված փաստաթղթում Հանձնաժողովը նշում է, որ «89-րդ հոդվածն այլևս չի սահմանում, որ երկրորդ փուլ պետք է անցկացվի, այլ նշում է, որ կարող է անցկացվել»: Բացի այդ, ըստ հանձնաժողովի նախագծի 201-րդ հոդվածից, որով կարգավորվում են հանրաքվեյով փոփոխության ենթակա հոդվածների ցանկը, նշված՝ 89-րդ հոդվածն հանվել է: «Այս կապակցությամբ Միջանկյալ կարծիքում եղած առաջարկությունն այսպիսով հաշվի է առնվել, ինչը բարձր գնահատականի է արժանի»,- նշել են Վենետիկի հանձնաժողովի անդամները:
Հիշեցնենք, որ հուլիսին հրապարակված կարծիքում նրանք առաջարկել էին երկրորդ փուլի կանոնակարգումը չվերապահել սահմանադրությանը, ինչը հնարավորություն կտա այն վերանայելու ավելի ճկուն մեխանիզմ կիրառել: Փաստորեն, ի կատարումն Վենետիկի հանձնաժողովի առաջարկության, փոփոխությունների նախագծի 89-րդ հոդվածից ոչ միայն հանվել է երկրորդ փուլ անցակցնելու պարտադրանքը, այլև որոշվել է հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը», հանել հանրաքվեոյվ կարգավորվող ինստիտուտների ցանկից:
Հաջորդ առաջարկությունը, որ վերաբերում էր Ազգային ժողովում նոր խմբակցություններ ստեղծելու արգելքին, ըստ հանձնաժողովի ևս հաշվի է առնվել: Ըստ փաստաթղթի՝ արգելքը վերացվել է, «չնայած որ նոր խմբակցությունների ձևավորման հնարավորությունը սահմանափակ է»: Այդուամենայնիվ այս որոշումը ևս Վենետիկի հանձնաժողովում գնահատել են առաջընթաց:
Հանձնաժողովը դրական է գնահատել նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցում Ազգային ժողովին վերապահված դերը, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության կարգը, ըստ որի՝ դատավորները պաշտոնի են նշանակվում ԱԺ ձայների 3/5-րդով: Նշված կարգը սահմանվում է նախագծի 164-րդ հոդվածով:
Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կողմից մյուս գլուխների փորձաքննությանը, ապա փաստաթղթում նշվում է, որ «այս երկրորդ միջանկյալ կարծիքը որոշակի լրացուցիչ առաջարկություններ է ներառում» և հանձնաժողովը հույս է հայտնվում, որ «սահմանադրական փոփխությունների հանձնաժողովը և Ազգային ժողովը դրանք հաշվի կառնեն»:
Ամփոփելով կարծիքը՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետները նշել են. «Վենետիկի Հանձնաժողովը մեկ անգամ ևս ընդգծում է Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի և քաղաքացիական հասարակության հետ բաց և շարունակական երկխոսության կարևորությունը, որպեսզի այս սահմանադրական փոփոխություններն ընդունվեն խորհրդարանի կողմից, իսկ հետո նաև հանրաքվեով, ինչը ևս մեկ կարևոր քայլ կհանդիսանա դեպի ժողովրդավարություն Հայաստանի անցման համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան