Սահմանադրական փոփոխությունները երկրի որակական զարգացման համար նոր դուռ են բացելու. ՀՅԴ
«Վստահ ենք` սահմանադրական փոփոխությունները, կառավարման խորհրդարանական համակարգը երկրի արմատական, որակական զարգացումների համար նոր դուռ են բացելու»,-ներկայացնելով սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ ՀՅԴ դիրքորոշումն՝ ասաց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Ոչ մեկի համար գաղտնի չէ, որ 91 թվականից սկսած, երբ սահմանադրական փոփոխությունների հարցը մտել է քաղաքական օրակարգ, Դաշնակցությունը խորհրդարանական կառավարման համակարգի համոզված կողմնակից է եղել: Մենք երկու տարուց ավելի շարունակաբար աշխատել ենք մասնագիտական հանձնաժողովի հետ, մինչև վերջին պահն աշխատելու ենք»,-հավելեց Վարդանյանը:
Դիմելով բոլոր քաղաքական կուսակցություններին՝ Աղվան Վարդանյանը խորհուրդ տվեց հետևել Դաշնակցության օրինակին և հետևողականորեն պաշտպանել քաղաքական սկզբունքները: