Ալեքսանդր Արզումանյանը կողմ է սահմանադրական փոփոխությունների նախագծին
Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վերջին օրերին պարզել է. «Լիքը փրկիչ ունի Հայաստանը, երկրում վխտում են փրկիչները, բոլորը փրկության շատ պարզունակ բաղադրություն ունեն. մեկն ասում է գրիր «այո» կփրկվես, մյուսը ասում է գրիր «ոչ» կփրկվես»:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում Սահամանդրության փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ այս հայտարարությունից հետո Արզումանյանը զգուշացրեց, որ Նախագծի վերաբերյալ բովանդակային ելույթ չի ունենալու: Ասաց, որ Հայաստանում պետական շինարարության ավանդույթներ ձևավորված չեն, այլ «մեր վզին փաթաթված է պետական կառավարման ուժային մոդելը»: Այս մոդելը, Արզումանյանի խոսքով, ժառանգված է խորհրդային ժամանակներից ու դրա հիմնական հատկանիշը բռնությունն է:
«Որևէ քաղաքակիրթ երկրում չի կարելի հանդիպել ուժային նախարարություն կամ ուժային կառույց ձևակերպումների, բայց հետ խորհրդային երկրներում հանդիպում ենք», -նշեց պատգամավորը:
Նրա խոսքերով, արատավոր է նաև դարձյալ խորհրդային միությունից ժառանգություն ստացված հասարակական կարծիքի հետ հաշվի չնստելու երևույթը:
Նա հիշեցրեց 2012 թվականին խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության հետ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության միավորումը` «Նոր Հայաստան» անվան տակ ու նշեց. ««Նոր Հայաստան» շարժման նախընտրական ծրագրում ասվում է. «Մեր երկրին օդ ու ջրի նման անհրաժեշտ է արագ, համակարգային փոփոխություններ, ընդ որում` փոփոխություններ այսօր և ոչ թե վաղը, տեսանելի գործերով և արդյունքներով և ոչ թե խոսքերով»: Ծրագրում մենք թվարկել ենք նաև այն առաջնային օրենսդիր ու գործադիր քայլերը, որ կիրականացնենք ընտրողների վստահությունը ստանալու դեպքում և այդ ցանկում առաջին համարրը նշել են` իրականացնել սահմանադրական փոփոխություններ և որդեգրել պետական կառավարման խորհրդարանական տիպօրինակ, որով կբացառվի պատահական մարդկանց մուտքը պետական կառավարման օղակներ…»:
Հետևաբար, ըստ Արզումանյանի, ինքը հավատարիմ է մնում նախընտրական ծրագրին ու խորհրդակցելով իրենց կուսակցության անդամների հետ դրական է վերաբերում խորհրդարանական համակարգին անցնելուն:
Արզումանյանն ասաց, որ իրեն չի հետաքրքրում, որ իշխանության ամենաբարձր ներկայացուցիչների անձնական ցանկությունները ապագայում այս Սահամանդրությամբ ամրագրված ինչ-ինչ պաշտոնները յուրացնելու համար:
«Կհաջողվի՞ գործող նախագահին երեք տարի հետո վերարտադրվել, թե չէ, դա ՀՀ քաղաքացիների խնդիրն է և չեմ կարծում, որ այստեղ մեր ցանկություններով ու հայտարարություններով այդ հարցերը կարելի է կարգավորել», -հայտրարեց Ալեքսանդր Արզումանյանը: