CORLEAP. «Հայաստանի կառավարությունը կարևորում է և ապակենտրոնացման քաղաքականությունը»
Հայաստանի կառավարությունը կարևորում է Եվրամիության հետ գործընկերությունը և ապակենտրոնացման քաղաքականությունը: Երևանում ընթացող Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների խորհրդաժողովի՝ CORLEAP բյուրոյի հանդիպման ժամանակ ասաց CORLEAP-ի համանախագահ, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:
Արևելյան գործընկերության երկրների տարածքային և տեղական իշխանության մարմինների կոնֆերանսը՝ CORLEAP, ստեղծվել է Տարածաշրջանների կոմիտեի կողմից (CoR) 2011 թվականին՝ ԵՄ-ի Արևելյան գործընկերության երկրներին տարածքային և տեղական հարթություն բերելու նպատակով: CORLEAP-ը համախմբում է 36 տարածքային և տեղական քաղաքական գործիչների, որոնցից 18-ը՝ CoR-ից, 18-ը՝ Արևելյան գործընկերության երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:
CORLEAP-ը ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում տարածքային հարթությունը ներկայացնող համատեղ ժողով է, որը համախմբում է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներին: Խորհրդաժողովը միակ հարթակն է, որը հնարավորություն է ստեղծում քննարկելու քաղաքների և ռեգիոնների դերակատարումը Արևելյան գործընկերության զարգացման համատեքստում:
Է. Երիցյանը նշեց, որ վերջին տարիներին CORLEAP-ը հասել է շոշափելի արդյունքների: Ըստ նրա, CORLEAP-ի հիմնական նպատակն է տարածքային և տեղական իշխանություններին և համայնքներին ներգրավել ԵՄ-ի որոշումների կայացման գործընթացին և նրանց տեղեկացնել ԵՄ քաղաքականության մասին. «Տեղական և տարածաշրջանային իշխանությունները կարևոր օղակ են կենտրոնական իշխանությունների հետ շփումներն ապահովելու գործում»:
Է. Երիցյանը կարևորեց տեղական իշխանությունների դերը երկրի ընդհանուր զարգացման համատեքստում:
Տարածաշրջանների եվրոպական կոմիտեի նախագահ և CORLEAP-ի համանախագահ Մարկկու Մարկկուլան նշեց, որ Արևելյան գործընկերությունը ուղղված չէ կոնկրետ որևէ մեկին, այլ ծառայում է որպես ներառական համագործակցության հարթակ: Այս առումով էլ նա կարևորեց խորհրդաժողովի անցկացումը, որը նույնպես նպաստելու է համագործակցության ընդլայնմանը:
Հայաստանն այս տարի ԵՄ Արևելյան գործընկերության տեղական և տարածաշրջանային իշխանությունների խորհրդաժողովում՝ CՕLEAP, համանախագահնող կողմն է:
Նշենք, որ բյուրոյի հանդիպումից հետո կայանալու է Արևելյան գործընկերության երկրներում տեղական ժողովրդավարությանը նվիրված խորհրդաժողով, որի ընթացքում քննարկվելու է տեղական ժողովրդավարության և տեղական ու տարածքային իշխանությունների դերը ԵՄ և Արևելյան գործընկերության զարգացման գործում:
Նախորդող հրապարակում`
Է. Նալբանդյան. Ադրբեջանը միշտ մերժում է ցանկացած համագործակցություն