Ես չեմ հավատում սահմանադրական փոփոխությունների հեղինակներին, ոչ թե բովանդակությանը. Ուրիխանյան
Հայաստանի հանրապետության քաղաքացիների, այդ թվում` իմ, հիմնական խնդիրը հավատի բացակայությունն է Սահմանադրական փոփոխությունների հանդեպ ոչ թե այն պատճառով, որ դրանք վատն են, այդ որ այդ փոփոխություններն իրականացնում են այս իշխանությունները: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը:
«Չկա հավատ, որ այս փոփոխություններով լուծվելու են ժողովրդին տանջող բազում խնդիրներ, որովհետև այն անարդյունավետ կառավարումը, որն այսօր իրականացվում է, իրականացնում են նրանք, ովքեր նախաձեռնել են այս փոփոխությունները: Ես ժողովրդիս հետ միասին չեմ հավատում նրանց, ովքեր այս փոփոխությունների հեղինակն են, այլ ոչ թե փոփոխությունների բովանդակությանը և դրա համար ես դեմ եմ քվեարկելու այս փոփոխություններին», -հայտարարեց Ուրիխանյանը:
Այդուհանդերձ, Տիգրան Ուրիխանյանը անհրաժեշտ է համարում երկրում ընտրական ու կառավարման համակարգերի փոփոխությունը ու նախագծով առաջարկվող «մի շարք փոփոխություններ»:
Նրա խոսքով, ինքն ակնկալում է «խեղդող վարչարարության թուլացում», օրենքի գերակայություն, մենաշնորհների վերացում և միայն այդ դեպքում մարդիկ կունենան հավատ, ինչն այսօր բացակայում է:
«Չկա հավատ այն պատճառով, որ 10 տարի կառավարել եք, ձեր քավոր-սանիկ բարեկամներին բերել եք պաշտոններ եք բաժանել, կուտակել եք միլիոններ, մի քանի հարկանի առանձնատներ, իսկ հիմա գիտակցում եք, որ Սահմանադրությունը անհրաժեշտ է փոխե՞լ: Չկա հավատ», -եզրափակեց Ուրիխանյանը: