Որևէ անհատի մասնակցությունը ընտրություններում սպառնալիք չէ. Վարչապետը՝ Քոչարյանի մասին
«Ես որևէ սպառնալիք չեմ տեսնում որևէ քաղաքական ուժի կամ անհատի մասնակցությամբ ապագա ընտրություններում: Դա շատ նորմալ եմ համարում», -այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հայտը սպառնալիք չէ՞ ՀՀ իշխանությունների համար:
Աբրահամյանի խոսքով, յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ իրավունք ունի մասնակցել համապետական ընտրություններին, իսկ ընտրությունը կատարում է ժողովուրդը: «Դա մեզ զգոնության կբերի, կփորձենք մեր ուժերը կենտրոնացնել ու գնալ առաջ», -հավելեց նա:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, վարչապետն ասաց, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է. «Քաղաքականության մեջ երբեք չեմ ասում երբեք, ամեն ինչ հնարավոր է»: Նա միևնույն ժամանակ հրաժարվեց մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահի հատարարությունը, որով քննադատում էր երկրում Սահամանդրական բարեփոխումների գործընթացը:
Վարչապետն ասաց, որ իրենք շատ հարգում են նախկին նախագահներին: Իսկ ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հետ իր կապին, ապա Աբրահամյանն ասաց. «Կապը հարաբերական հասկացություն է, ավելի լավ կլինի չմանրամասնենք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ