Վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի ֆունկցիան բացարձակապես անհասկանալի է. Նաիրա Զոհրաբյան
Հայաստանում չկա մի քրեակատարողական հիմնարկ, որ պետից սկսած մինչև վերջին կալանավորը չբողոքի վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի գործունեությունից: Այս մասին այսօր 2014 թվականի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության մասին զեկույցի ներկայացման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Հանձնաժողովի ֆունկցիան բացարձակապես անհասկանալի է: Ավելին, այդ հանձնաժողովը բացի անառողջ կրքեր բորբոքելուց, որևէ օգտակար գործշողության գործակից չունի: Չեք կարծում, որ պետք է լուրջ հարց բարձրացվի կամ այդ հանձնաժողովի գոյության նպատակահարմարության վերաբերյալ, կամ այդ հանձնաժողովի աշխատանքի գործիքակազմի, մեխանիզմների փոփոխման վերաբերյալ», -դիմելով Օմբուդսմենին հետաքրքրվեց պատգամավորը:
Կարեն Անդրեասյանն ինքն էլ ասաց, որ կիսում է մտահոգությունները խնդրի հետ կապված, բայց միանշանակ սուր քննադատել չի կարող: «Ինչքան էլ համաձայն եմ, որ այդ հանձնաժողովը բավականաչափ արդյունավետ չի գործել վերջին տասնամյակների ընթացքում, միևնույն է, պետք է ասեմ, որ դրական արդյունքներ եղել են», -հավելեց Պաշտպանը:
Նա տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ գրասենյակը դեմարշ է արել ու չի մասնակցում Հանձնաժողովի աշխատանքներին: «Երբ մենք գնում էինք, մասնակցում էինք հանձնաժողովի աշխատանքներին, տպավորություն էր, որ մենք դառնում ենք դակիչ մեծամասնության որոշումներին, իսկ դա վարկաբեկիչ էր մեր կառույցի համար», -բացատրեց Օմբուդսմենը:
Նա համաձայնեց, որ այդ հանձնաժողովի որոշումների մեծ մասը եղել է անարդար: Նաև նշեց, որ Հանձնաժողովի գործունեության աշխատանքները փոփոխելու համար ՀՀ կառավարությանը քաղաքական կամք է պետք, իսկ իրենց պատրաստ են իրենց կատարած հետազոտությամբ օգնել այդ նախաձեռնության հեղինակներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ