Սահմանադրության նախագծով կարող են կազմվել նաև քաղաքական կոալիցիաներ. Վարդան Պողոսյան
Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերջնական տեքստում արդեն նախատեսված է քաղաքական կոալիցիաների ձևավորման հնարավորությունը:
«Վերջնական տեսքտում արդեն չկա այն կարծրությունը, որը կար նախագծի սկզբնական տարբերակում, որը նախատեսում էր, որ եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա անպայմանորեն անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ», -այսօր Ֆրդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Նա հստակեցրեց, որ երբ մասնագիտական հանձնաժողովն առաջարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլ անցկացնել, ոգեշնչված չի եղել Իտալիայի փորձով:
«Բազմաթիվ սահամանդրագետներ, քաղաքագետներ այդ գաղափարը ընդունելի համարել են: Այդ համակարգի գաղափարը շատ պարզ է` եթե ընտրությունների արդյունքում հնարավոր չէ ձևավորել որևէ կայուն կառավարություն, չկա կայուն մեծամասնություն, ապա անցկացվում է երկրորդ փուլ` առաջին երկու տեղերը զբաղեցրած կուսակցությունների կամ դրանց շուրջ համախմբված դաշինքների միջև: Արդյունքում հաղթող կուսակցությունը բնականաբար, ստանում է ձայների մեծամասնությունը և ի վիճակի է լինում ձևավորել կառավարություն: Այդ գաղափարի իմաստը կայանում է նրանում, որ ժողովուրդն է որոշում, թե ով պետք է լինի կառավարման ղեկին, այլ ոչ թե միայն կուսակցություններն ու կուսակցական դաշինքները հետընտրական փուլում, երբ պառլամենտն արդեն ձևավորվել է: Պառլամենտում արդեն նրանք որոշակի բանակցություններ են վարում այս կամ այն կառավարական կոալիցիայի ձևավորման վերաբերյալ», -ներկայացրեց Պողոսյանը` պատասխանելով քննարկման մասնակիցների հարցերին:
Թեմային առնչվող հրապարակում`
Սահմանադրության նախագծով պառլամենտը կզգա ժողովրդի շունչը. Վարդան Պողոսյան