«Կարողա՞ էսօր միտինգ էլ ա լինելու». Մարդիկ սպասում էին Ձախ Հարութի երգերին

19:44 01/05/2012 » Քաղաքական

«Կարողա՞ էսօր միտինգ էլ ա լինելու». Մարդիկ սպասում էին Ձախ Հարութի երգերին

Այս պահին Ազատության հրապարակը բավականին բազմամարդ է. նախապես ժամը 19:00-ին հայտարարված «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը մեկնարկեց քիչ առաջ: Դատելով քաղաքացիների խոսակցությունից` նրանք եկել են ունկնդրելու Ձախ Հարութին (Հարություն Փամբուկչյան): Հիշեցնենք` այս կուսակցության նախընտրական տեսահոլովակում երգում էին Ձախ Հարութն ու Ռուբեն Հախվերդյանը:

«Կարողա՞ էսօր միտինգ էլ ա լինելու», -տեսնելով աստիճաններով բեմահարթակ բարձրացող կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին` զարմացած հարցրեց մի կին:

Այնուհետև իմանալով, որ համերգը հաջորդելու է «Ժառանգության» հանրահավաքին` բավականին սրտնեղեց: Այս պահին բեմահարթակում են «Ժառանգության» համամասնական ցուցակի ներկայացուցիչները, նաև` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամները: Նկատենք, որ «Ժառանգության» գործիչները հրապարակ են եկել ընտանիքի անդամների հետ:

Լրագրողների հետ զրույցում գնահատելով իր ղեկավարած քաղաքական ուժի ընտրվելու հնարավորությունները` Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ «Ժառանգություն»-ն ու հայ ժողովուրդն այսօր կանգնած են պետականության «ողջ ընթացքի փոփոխության ամենակարևոր փուլում»:

«Շարքային քաղաքացին ու հայ մարդն արդեն գիտակցական հզոր փոփոխություն է ապրել»,- ասաց Հովհաննիսյանն ու վստահություն հայտնեց, որ մի քանի օր անց Հայաստանն ունենալու է իշխանության փոփոխություն` «ազատ ու արդար ընտրությունների միջոցով»:

«Եթե ազատ ու արդար ընտրություններ լինեն, ապա հայ ժողովուրդը կլինի մեծամասնություն և «Ժառանգություն»-ը` իր գործընկերների հետ միասին, կդառնա մեծամասնություն կազմող ուժ` Ազգային ժողովում: Իսկ, եթե շարունակվեն գողացված ձայներն ու կեղծված ընտրությունները, դուք «Ժառանգության» հետ ժողովրդին կգտնեք հրապարակում», -հավելեց կուսակցության առաջնորդը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ժողովուրդը պետք է ձայն տա հենց իրենց, Րաֆֆի Հովհաննիսյանը ի պատասխան նկատեց, որ «Ժառանգություն»-ը միշտ առաջնորդվել է վերկուսակցական շահերով` գերադասելով քաղաքացու իրավունքը:

«Նրանք, ովքեր տեսել են մեր գործունեությունը Ազգային ժողովում, տեսել են, թե յոթ պատգամավոր ինչպիսի գործունեություն է կարողացել ծավալել: Բոլորը գիտեն, որ չկա ցուցակ, որն ավելի հաշվետու է, շիտակ է, անշահախնդիր է, քան մերն է», -հավելեց ընտրություններում պայքարող ուժի ղեկավարը:

Ապրիլի 7-ից` նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Ժառանգություն»-ը շրջել է Հայաստանի տարբեր մարզերով ու համայնքներով, եղել Երևանի տարբեր շրջաններում: Նախընտրական քարոզարշավը Հայաստանում կավարտվի մայիսի 4-ին:

 

 

  

 

  

 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ` Լիլիան Գալստյանի

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց