Ագրարային համալսարանը ամեն օր ստիպված է պայքարել ՕԵԿ-ի ապօրինի քայլերը կանխելով
Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շինության տանիքը «Օրինաց Երկիր»կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ` արգելելով «Օրինաց Երկիր» կուսակցությանն իրականացնել որևէ շինարարական աշխատանքներ, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի իր կողմից քանդված տանիքի վերականգնումը: Սակայն ՀԱԱՀ լրատվության բաժնից տեղեկացնում են, որ ՕԵԿ-ը ոչ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլ նաև մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին:
Սակայն գործուն միջամտություն իրականացվել է միայն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, որը իրականցրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և կազմել արձանագրություն: Մյուս բոլոր պատկան մարմինների կողմից որևէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել:
«Համալսարանի կոլեկտիվի և ուսանողության կողմից օրեցօր աճող վրդովմունքը կասեցնելու նպատակով ագրարային համալսարանի տնտեսական մասը ստիպված ձեռնարկում է միջոցառումներ ապօրինի շինարարությունը կանխելու և համալսարանի տարածքը ապօրինի զավթելու դեմ: Փաստորեն ագրարային համալսարանը նոր ուսումնական տարվան պատշաճ մակարդակով նախապատրաստվելու փոխարեն ամեն օր ստիպված զբաղվում է «Օրինաց Երկիր» կուսակցության ապօրինի քայլերը կանխելու գործընթացով»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ: