Նախարար. Անկախությունը երբեմն մոլորեցնող է, նման տանը մենակ մնացած երեխային
Արդարադատության նախարար Հովաննես Մանուկյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետութոյան Անկախության տոնի առթիվ:
«Անկախությունը մեր երազանքն էր, մենք նվաճեցինք այն: Օրինաչափ զարգացումն ապացուցում է, որ ապրելու իրավունքը ուժեղինն է, դիմակայում և հաղթում է պայքարող տեսակը: Անկախությունը մեզ մոտեցրեց իմաստությանը, կոփեց մեր պատկերացումները, ինչպես բնությունն է օգնում ապրել խիտ անտառում աճող, բայց իր ջուրն ու արևը քաշող բարակ ծառին: Չմոռանանք, որ պատվով ենք դուրս եկել համատարած խավարից, երգով ենք հաղթել վհատությանը, հումորով ենք մոտեցել անելանելիությանը և հավատով ենք լցրել մեր վաղվա օրը: Անկախությունը ազգի ազատությունն է, շահում է այն ազգը, ում հաջողվում է ճիշտ օգտվել իր ազատությունից:
Անկախությունը ինքնանպատակ չէ, այն երբեմն մոլորեցնող է, նման տանը մենակ մնացած երեխային, ով կարող է վնասել իրեն և իր տունը: Վերացական խրախճանքի ու ամբոխային մոտեցման վտանգի ժամանակները մենք արագ անցանք: Հիմա ամեն մեկս մեր գործով ենք կարևորելու ու ամրացնելու մեր անկախությունը: Ուսուցչի բարեխիղճ աշխատանքը, բժշկի մարդկային վերաբերմունքը, հողագործի քրտնաջան մաքառումը, նախարարի անմնացորդ նվիրումն իր առաքելությանը առավել ամրացնելու են մեր երկիրը:
Մեզնից պահանջվում է լինել մեր տեղում, պատվով կրել ու փոխանցել Անկախ Հայաստանի արժանի քաղաքացու կոչումը: Շնորհավոր տոնդ, Հայ ժողովուրդ, կեցցե՛ Ազատ, Անկախ և ապագայի Միացյալ Հայաստանը»,- ասված է նախարարի ուղերձում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ