Արթուր Մալոյանը շփոթել է «զառանցողներին»
Վերջերս կայացած մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ինչպես արդեն նշել ենք, հայտարարել է, որ ժամանակին Արթուր Մալոյանը Հայաստանի հավաքական է հրավիրվել, դրա համար պահանջել «Պորշե» ավտոմեքենա, սակայն նույնիսկ այդ պահաջը կատարելու խոստման դիմաց չի ընդունել մեր ազգային թիմում խաղալու առաջարկը: Արթուր Մալոյանը, իր հերթին, այդ հայտարարությունը զառանցանք է անվանել՝ շեշտելով, որ ընդամենը մեկ անգամ է հրավեր ստացել, սակայն չի ընդունել այն՝ Ռուսաստանում լեգեոներ չհամարվելու համար:
Այսօր ՀՖՖ պաշտոնական կայքն անդրադարձել է Մալոյանի արտահայտություններին:
«Տուլայի «Արսենալի» ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը մեդիայի միջոցով զառանցանք և անհեթեթություն անվանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությունը, որ այդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա, իրականում անհեթեթ փորձ է արել՝ հակադարձելու ՀՖՖ նախագահին: Այս ֆուտբոլիստի՝ Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի և հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքը՝ երազած «Պորշը», Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշը», այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել:
Այլ մանրամասներ այս պահին չբացահայտենք, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի, և ոմանց՝ հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա:
Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնվել են բավարարել հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշների:
Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին և հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ, և միշտ այդպես է լինելու»,- նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ