HRW. «Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված վիճակը 2014թ-ին հարթ չի եղել»
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին իր հերթական` 25-րդ ամենամյա զեկույցը:
Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում իրավապաշտպան կազմակերպության փորձագետները նկատում են, որ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում 2014 թվականին այնքան էլ հարթ չի եղել:
Ըստ զեկույցի` մի շարք դեպքերում արձանագրվել է իշխանությունների կողմից խաղաղ ցույցերին միջամտելու դեպքեր: Այս առումով զեկույցում հիշատակվում են 2014 թվականի առաջին կեսին ոստիկանության կողմից կենսաթոշակային բարեփոխումների , շրջակա միջավայրի խնդիրների, կոմունալ ծառայությունների գների բարձրացման և այլ հարցերի հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ ակտիվիստների ձերբակալությունները:
Այդուհանդերձ, զեկույցում միաժամանակ արձանագրված է, որ բերման ենթարկվածները ազատ են արձակվել նույն օրը կամ հաջորդ օրը, իսկ որոշ ակտիվիստներ էլ պարզապես վարչական տուգանքների են ենթարկվել:
Զեկույցում անդրադարձ է կատարված նաև Շանթ Հարությունյանի և նրա 13 համախոհների դատական գործին: Զեկույցում Շանթ Հարությունյանը ներկայացված է որպես «ընդդիմադիր հակասական գործիչ»:
Կալանավայրերում, բանտերում, ոստիկանական բաժանմունքներում և քննչական մեկուսարաններում տիրող իրավիճակի մասով զեկույցում նշված է, որ նման մի շարք հաստատություններում տարվա ընթացքում տարբեր դեպքերի հետ կապված արձանագրվել է բերման ենթարկվածների նկատմամբ կտտանքների և կոպիտ վերաբերմունքի դեպքեր:
Մեդիազատության մասով զեկույցում նշված է, որ նախորդ տարում մեդիաբազմազանությունը շարունակել է մնալ որոշակիորեն սահմանափակված: Անդրադարձ է կատարված նաև մեդիադաշտը կարգավորող այն օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի լրատվամիջոցը պատասխանատու է համարվելու սոցցանցերում անանուն օգտատերերի կողմի վիրավորական մեկնաբանություններ հրապարակելու համար: Զեկույցում խոսք է գնում նաև լրագրողների նկատմամբ գործադրված ֆիզիկական բռնության մի քանի դեպքերի մասին:
Զեկույցի համաձայն` պարտադիր զինվորական ծառայությունից այլընտրանքային ծառայության անցնելու գործում Հայաստանը գովասանքի արժանի բարեփոխումներ է իրականացրել: Նախորդ տարում չի արձանագրվել զինվորական ծառայության հետ կապված կրոնական հավատալիքների հիմքով ձերբակալության և ոչ մի դեպք: Զեկույցում անդրադարձ է կատարված նաև բանակում առկա որոշ խնդիրների, ինչպես նաև խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի հետ կապված ոչ պատշաճ հետաքննության անցկացմանը:
Մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների թվում զեկույցում նշված են նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը, ինչպես նաև անբուժելի հիվանդություններից տառապող մարդկանց համար ցավազրկող դեղերից օգտվելու հարցում որոշ դեպքերում առկա անհարկի սահմանափակումները:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ