Արգենտինահայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց
Արգենտինայի հայկական համայնքը լայնամասշտաբ բողոքի ցույց է անցկացրել Բուենոս-Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին տեղեկացնում է «Prensa Armenia» գործակալությունը:
Բողոքի ցույցն ուղղված է եղել Բաքվում, Սումգայիթում և Կիրովաբադում իրականացրած հայկական կոտորածների զոհերի հիշատակը ոգեկոչելուն և Արգենտինայում ադրբեջանցի դիվանագետների հակահայկական գործողությունների մասին արգենտինացի բնակչությանը տեղեկացնելուն:
«Ադրբեջանում բնակվող հայերի սպանությունները, հալածանքները, ահաբեկումները և տեղահանությունները մինչև 80-ական թվականների վերջերը մարդկության դեմ իրագործված հանցագործություններ են, որոնց պատասխանատվությունը պետք է ստանձնի Ադրբեջան պետությունը: Այդ ամենի արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին և ավելի քան 350 հազար հայեր հարկադրված փախստական դարձան»,- նշել է բողոքի ցույցին մասնակցող Հայ երիտասարդական հիմնադրամի անդամ Արի Ասադուրյանը:
Արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները իրենց բողոքի ձայնն են բարձրացրել առ այն, որ Ադրբեջանում բնակվող հայերի կոտորածները հանդիսացան 100 տարի առաջ թուրքական կառավարության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության շարունակությունը, որի ժխտմամբ այսօր համատեղ հանդես են գալիս Ադրբեջանը և Թուրքիան:
Բողոքի ցույցին մասնակցել են ինչպես հայկական համայնքը ներկայացնող բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու անհատ հասարակական-քաղաքական գործիչներ, այնպես էլ Արգենտինայի քաղաքական կուսակցությունների, Բուենոս -Այրեսի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ