ԱՄՆ նախագահի թեկնածու Թեդ Քրուզը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ է արել
Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը, ով մտադիր է 2016 թվականին պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշանավորել է հայերի, ասորիների և այլ քրիստոնյա ժողովուրդների կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչելու հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ին` հղում կատարելով ԱՄՆ հայ դատի հանձնախմբին:
Սենատորի հայտարարությունը հնչել է Տեխասում` «Օսթինի խաղաղության երթի և հավաքի» ժամանակ, որը կազմակերպել էր Տեխասի` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «100 տարի առաջ աշխարհը լուռ էր, երբ հայ ժողովուրդը տառապում էր սարսափազդու ցեղասպանությունից: Այսօր մենք ոգեկոչում ենք ավելի քան 1 մլն հոգիները, որոնք հանգցրեց Օսմանյան կառավարությունը: Թող այս իրադարձությունների սարսափները արթնացնեն մեր մեջ սատանայական ուժերի դեմ կանգնելու քաջությունը: Ինչպես ճիշտ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, «չարիքի կոծկումը կամ դրա ժխտումը նման է առանց վիրակապի բաց վերքի, որը շարունակում է արյունահոսել»: Ցավոք, այսօր շատերը տեղյակ չեն 20-րդ դարի ոճրագործության մասին: Եթե մոռանանք պատմության տարեգրությունը, մենք չենք հարգի նրանց, ովքեր տառապել են Հոլոքոստի, ԽՍՀՄ-ի, Կամբոջայի և այլ մահվան ճամբարներում: Դա ողբերգություն է, որ մենք կարող ենք և պետք է կանխենք: Աստված օրհնի հայ ժողովրդին»:
Հիշեցնենք, որ 2008 թվականին որպես նախագահի թեկնածու` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստում տվել էր նաև գործող նախագահ Բարաք Օբաման, սակայն մինչ այժմ չի կատարել դա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ