«Անունս է պայքար, վախճանս է հաղթանակ». Թուրքիայի դրոշը վառելուց հետո մեկնարկեց ջահերով երթը
Ավանդական դարձած «Անունս է պայքար, վախճանս է հաղթանակ» կարգախոսով Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հ.Յ. Դաշնակցություն կուսակցության միությունների ավանդական ջահերով երթը: Երթի մեկնարկն ազդարարեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հացերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Դուք մի բռունցք եք, դրանից Թուրքիան վախենում է: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Մեր պայքարն ինքնանպատակ չէ»,- ասաց նա:
Դիմելով երիտասարդ սերունդին, Կ. Մանոյանը նշեց. «Մենք ակնկալում ենք, որպեսզի դուք շարունակեք պայքարը հանուն ավելի հզոր Հայաստանի, ավելի ժողովրդավար Հայաստանի, հանուն հզորացած, ազատագրված Արցախի, ավելի աշխույժ և կազմակերպված սփյուռքի, հանուն հայ ժողովրդի դարավոր երազանքների և իրավունքների իրականացման»:
Երթի մասնակիցները Թուրքիայի դրոշը վառելուց հետո շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նշենք, որ երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրացնում այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տանում են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Ջահերն այս տարի համալրվել են նորերով: Երթի համար նախատեսված է ավելի քան 500 ջահ և մոտ տասը հազար մոմ:
Նշենք նաև, որ այս պահին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում շարունակվում է «24/04» համաշխարհային նվագախմբի համերգը: Նվագախումբը բաղկացած է 43 երկրի 123 երաժշտից, որը ղեկավարում են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։
Համերգն ունի չորս թեմա՝ հիշողություն, երախտագիտություն, միջազգային ճանաչում և վերածնունդ: Համերգն ուղեկցվում է տեսապատկերներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ