Էրդեմ Այդին. «Իմ տեսած 1915-ը»
Թուրքական «CNNTürk» հեռուստաալիքի միջազգային լուրերի խմբագիր, լրագրող Էրդեմ Այդընը ապրիլի 24-ին հրապարակած իր «Սա էլ իմ տեսած 1915-ն է» հոդվածում կիսվում է տարիներ առաջ Մալաթիա և Սվաս (Սեբաստիա) կատարած իր այցելության մասին հուշերով: Հոդվածը ներկայացնում ենք ստորև` որոշակի կրճատումներով:
«Սրանից 6 տարի առաջ, արտասահմանցի մի լրագրողի հետ, ով Հրանտ Դինիք մասին հոդված էր գրում , որպես թարգմանիչ գնացի Սվաս և Մալաթիա: Ասում են , երբ մարդ իր աչքով է տեսնում, ավելի շատ է հավատում: Ինձ հետ էլ այդպես եղավ:
Սվասում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպեցինք: Մի հայ ոսկերիչի արվեստանոց գնացինք: Հիշում եմ «Որպես ազգային փոքրամասնություն որևէ խնդիր ունե՞նում եք» թարգմանածս հարցը ու հիշում եմ, ոսկերիչի դեմքի տարօրինակ ժպիտը, խուսափող հայացքով արտաբերած «Ոչ»-ը:
Ոսկերիչի որդու հետ դուրս եկանք Սվասում շրջելու: Հիշում եմ հովտի դափ-դատարկ կանաչը ու դրա միջով անցնող գետը: Այնտեղ քարը քարի վրա չէր մնացել, բոլոր հետքերը ջնջված են: Չէ, բոլորը չէ. մի հետք կար: Հովտի մի անկյունում` զինվորական գոտում, մի ավերակ եկեղեցի և կողքին մի գերեզմանոց կար: Եկեղեցի մտնելու թույլտվություն չուներ, ամաչելով պատմեց, որ մի օր ապօրինի ճանապարհով մտել է: Փայտա դուռը բացեց, մտանք գերեզմանոց:
Գերեզմանաքար չկար, տեղ-տեղ հողի վրա ոսկորներ կային: «Գանձ որոնողները ու բժշկական համալսարանի ուսանողները»...պատմեց, որ ուսանողները դասի համար այստեղ ոսկորներ են որոնել: Պապիկի գերեզմանը ցույց տվեց, անձայն աղոթում էր: Ոչ գերեզմանաքար կար, ոչ անուն…
Մի քանի տարի անց այնտեղ նկարածս նկարները արմատներով սվասցի մի ֆրանսահայ լրագրողի ցույց տվեցի: Հայացքը թափառում էր նկարներիս վրա ու ասում էր. «Սա այն տեղն է.. սա էլ այն տեղն է»: Ինձ ասաց, «Քո մասին կգրեմ»: Գրեց թե չէ, չգիտեմ, բայց ես եմ հիմա նրա մասին գրում:
Ուրի՞շ ինչ տեսա: Գյուղերում գոմի վերածված եկեղեցիներ տեսա: Մալաթիայում տեսա այն չափազանց համեստ տունը, ուր Հրանտ Դինքն էր ծնվել: Տեսա տան կողքի գմբեթը փլված եկեցեցին: Մի քիչ այն կողմ այսպես կոչված «գյավուր»ի գերեզմանները տեսա: Մալաթիայում սպանված 3 քրիստոնյա լրագրողների գերեզմանները տեսա:
Սա է փոքրիկ այցից, փոքրիկ հուշը: Գիրք գրելու ծրագիրը պահարան դրվեց , բայց տեսածներս ընդմիշտ ինձ հետ մնաց: Սա էլ իմ տեսած 1915-ը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ