Իշխան Զաքարյանը հանձնարարել է ապահովել քաղաքների տոնական տեսքը
Համահայկական խաղերի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է. «Մայիսի 21-ին Լոռու և Շիրակի մարզպետարաններում Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի մասնակցությամբ անցկացվել են աշխատանքային խորհրդակցություններ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի և Արագածոտնի մարզպետների, ինչպես նաև նշված մարզերի՝ Համահայկական խաղերին մասնակցող քաղաքների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային 6-րդ խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:
Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ Համահայկական 6-րդ ամառային խաղերը կանցկացվեն օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված է 17 մարզաձև՝ նախկին 10-ի փոխարեն: Կոմիտեի նախագահը նշել է, որ այս տարի Համահայկական խաղերը կլինեն աննախադեպ թե՛ մասնակիցների քանակով, թե՛ քաղաքների աշխարհագրությամբ՝ ՀՀ մայրաքաղաք Երևան, ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ, Աբովյան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ:
Քանի որ Վանաձորը և Գյումրին այս տարի նաև հյուրընկալող քաղաքներ են, Իշխան Զաքարյանը հանձնարարել է մինչև խաղերի մեկնարկը կարգի բերել քաղաքների մարզադահլիճները և ապահովվել քաղաքների տոնական տեսքը:
Անդրադառնալով Համահայկական խաղերի ջահի վառման արարողությանը՝ կոմիտեի նախագահն ասել է, որ այն լինելու է հատուկ տոնակատարություն, և ջահը, անցնելով Հայաստանի մարզերով և հայաշատ այլ քաղաքներով, օգոստոսի 2-ին մտնելու է համայն հայության մայրաքաղաք՝ Երևան:
Քննարկվել են նաև կազմակերպչական այլ հարցեր»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ