Հայ լրագրողները կմեկնե՞ն Բաքու
Հանրային հեռուստաընկերության «Խաղից դուրս» հաղորդման ժամանակ վերջերս մարզական լրագրող Կարեն Գիլոյանը հայտարարեց, որ անպայման մեկնելու է Բաքու և Ադրբեջանի մայրաքաղաքից մեկնաբանելու է հայ մարզիկների ելույթները Եվրոպայի առաջին խաղերում:
Բնականաբար, հարց է առաջանում՝ արդյոք Կարեն Գիլոյանը, որպես լրագրող, միայնա՞կ է լինելու, թե՞ նրան կուղեկցեն նաև այլ ԶԼՄ-ների մեր գործընկերները:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ լրագրողների պատվիրակության գործուղման հարց չի քննարկվել ՀԱՕԿ-ում, և որևէ որոշում, բնականաբար, չկա: Թե հետագայում ինչ կլինի, այս պահին դժվար է ասել: Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, իր հերթին, ժամանակին հայտարարել է, որ պլանավորում է բոլոր հայ մարզական լրագրողներին տանել Բաքու՝ 2016 թ. շախմատային համաշխարհային օլիմպիադային ներկա լինելու համար:
Բացառված չէ, որ Եվրոպայի օլիմպիական կոմիտեն ևս հանդես գա համանման նախաձեռնությամբ՝ նկատի ունենալով երկու երկրների հարաբերությունների մակարդակն ու լրագրողների հավատարմագրման հետ կապված բարդությունները: Այս պահին, սակայն, ոչինչ չի վկայում, որ իրադարձությունները հենց նման ընթացք կունենան:
Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, նշենք, որ նրա ղեկավարության կողմից երբևէ որևէ հայտարարություն չի արվել լրագրողների հավատարմագրման հնարավորության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին