Սիրիահայերի միայն 30 տոկոսն է նպատակային ծախսել գումարները. ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով սիրիահայերի աջակցության ծրագրերին, նշեց, որ մինչ այսօր աջակցել են 78 սիրիահայերի, որպեսզի սկսեն իրենց բիզնեսը: Ընդհանուր առմամբ՝ սիրիահայերին տրամադրվել է 330 մլն դրամի չափով վարկային երաշխավորություն:
«Նրանք բավականին ստեղծագործ ժողովուրդ են, և սիրիահայերի՝ Հայաստան վերադարձով բիզնես միջավայրը բազմազանեցրել ենք, նոր, լավ ավանդույթներ ենք դրել»,- ասաց Գ. Պետրոսյանը՝ հավելելով, որ թեև որոշ սիրիահայ գործարարների հետ հաջողված գործակցում են, սակայն կան նաև այնպիսիք, որոնք չեն ցանկացել տեղեկատվություն տալ, նույնիսկ զանգերին չեն պատասխանել:
Բացի այդ, ինչպես նշեց Գ.Պետրոսյանը, սիրիահայ գործարարները ոչ միշտ են գումարները նպատակային ծառայեցրել:
Մասնավորապես, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ սիրիահայերի միայն 30 տոկոսն է նպատակային ծախսել գումարները:
Ասուլիսին ներկա սիրիահայ գործարարներն իրենց դժգոհությունները հայտնեցին և հարցրեցին, թե արդյոք ՓՄՁ-ն իրավունք ունի իրենց գործարարության վերաբերյալ տվյալներ հրապարակի իրենց կայքում: Ըստ սիրիահայերի՝ ՓՄՁ ԶԱԿ-ը չի օգնում իրենց՝ գործարար կապեր հաստատելու հարցում, սակայն Գ. Պետրոսյանը հակադարձեց՝ ասելով, որ իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում դա անում են, տարբեր միջոցառումներ, ցուցադրություններ են կազմակերպել:
Գործարարներն ասացին, որ իրենք պատրաստ են աշխատել, համագործակցել ՓՄՁ ԶԱԿ-ի հետ, քանի որ չեն ցանկանում թշնամական հարաբերություններ ունենալ, սակայն երբ գնացել են Գեղամ Պետրոսյանին տեսնելու, իրենց չեն ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին