Որևէ մեկի առողջությանը չի վնասի Սահմանադրության՝ 52 էջանոց նախագիծը կարդալը. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Երկու հոգի ինչ-որ մի տեղ բանավիճում են: Մեկն ասում է՝ «Մամուլի շենքի մոտ կանգնած է սպիտակ «Նիվա», մյուսն ասում է՝ «Ոչ, այնտեղ կանգնած է սև «Մերսեդես»: Առաջինն առաջարկում է՝ «Գնանք, մոտենանք պատուհանին և կտեսնենք՝ մեզանից ով է ճիշտ»: Երկրորդը, թե՝ «Ես կարիք չունեմ մոտենալու պատուհանին, որովհետև ես վստահ եմ, որ իրավացի եմ, և այլ կերպ չի կարող լինել»:
Հայաստանում քաղաքական բանավեճը սովորաբար ընթանում է այս մակարդակով: Օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների մասին: «Ես չեմ ուզում կարդալ և քննարկել նախագծի նախնական տարբերակը, որովհետև այդ նախագծով Սերժ Սարգսյանը մտադիր է դառնալ...»: Պաշտոնը և դրա ենթադրվոդ «զորությունը» կախված է «չկարդացողների» և «չքննարկողների» երևակայությունից: Հիրավի, եթե ես տեքստը «սկզբունքորեն» չեմ կարդում, ապա կարող եմ ենթադրել ցանկացած բան, օրինակ՝ որ նոր Սահմանադրությամբ ամենակարևոր պաշտոնն է լինելու Շախմատի ֆեդերացիայի նախագահը, և նախատեսվում է, որ երկիրը կառավարվելու է Շախմատի տնից: Հրապարակված տեքստն ընդամենը 52 համակարգչային էջ է, և չեմ կարծում, որ որևէ մեկի առողջությանը կվնասի դա կարդալը:
Սահմանադրական փոփոխություններն իսկապես ամենակարևոր թեման չեն մեր հասարակության համար: Կարծում եմ՝ նույնիսկ, որ իշխանությանը և ընդդիմությանը այդ խնդիրն առանձնապես չի հուզում՝ պարզապես ամառ է, աշխարհացունց թեմաներ չկան: Այս խնդիրն ինձ հետաքրքիր է այնքանով, որքանով ցույց է տալիս մեր քաղաքական (և ինչու միայն քաղաքական) մտածողության սահմանափակումները: Որևէ հարցում կանխակալ կարծիք, իսկ ավելի ստույգ՝ նախապաշարում ունենալով՝ մենք փակում ենք ականջներն ու աչքեր և սկսում ենք ոտքերով գետնին խփել, քանի որ չենք ուզում լսել կամ տեսնել որևէ բան, որ մեր իսկ սարքած կարծրատիպերից դուրս է գալիս: Եվ ստացվում է, որ միտքը գալիս զարկում է գանգի ոսկորին ու հետ է գնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին