Մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադարձել է Հայասանում բանավեճի մշակույթի բացակայության խնդրին
ու գրել. «Խնդիրներից մեկն այն է, որ մեր քաղաքական գործիչները տառապում են սուր արտահայտված նարցիսիզմով և, ըստ այդմ, իրենց բարձր ինտելեկտին ու խորը գիտելիքներին համապատասխան ընդդիմախոսներ չեն գտնում: Երբ նրանց բանավեճի ես հրավիրում, նրանք սովորաբար ասում են՝ «բեր իմ կալիբրի այսինքն՝ տրամաչափի մարդ»: Իսկ մեր գործիչների, պատգամավորների «կալիբրը» մոտավորապես հավասար է Հենրիկի Քիսինջերին կամ, ծայրահեղ դեպքում, Մարգարեթ Թետչերին: Հարց է ծագում՝ եթե նրանք այդպիսի հանճարներ են, ինչո՞ւ Հայաստանն իր բարեկեցության մակարդակով չի մոտենում Քիսինջերի և Թետչերի երկրներին:
Խորհրդարանն, իհարկե, այն ամբիոնն է, որտեղ պետք է ժավալվի այդ քաղաքական երկխոսությունը, բայց արի ու տես՝ «ամենահետաքրքիր» մասը հայտարարութունների ժամն է, որտեղ ընդդիմադիրները խոսում են Հայաստանի կործանման, իսկ հանրապետականները՝ ընդդիմության «ոչ կառուցողականության» մասին:
Իհարկե, բանավեճի մշակույթը բացակայում է ոչ միայն քաղաքական գործիչների մոտ: Փորձեք, օրինակ, բանավեճ կազմակերպել «նարեկական» և «հականարեկական» ճարտարապետների միջև:
Նրանք իրար մասին նույնիսկ ավելի վատ են խոսում, քան ՀՀԿ-ականները՝ էրդողանի մասին. «Տո էդ բոմժն ով ա, որ ես իրա հետ բանավիճեմ: Դու հլը մի հատ նրա գծագրած շենքերը նայի»:
Այսինքն՝ այստեղ էլ «կալիբրի» խնդիր է առաջանում: Չնայած, ինչպես հայտնի է, ոչինչ այս երկրավոր կյանքում հավերժ չէ: 2008-ի մարտի 1-ից հետո ՀՀ առաջին նախագահն ի պատասխան լրագրողի հարցի ասաց. «Հարյուր տարի էլ անցնի՝ ես Քոչարյանի և Օսկանյանի ասածները չեմ մեկնաբանի»: Արժանի չէին, այդպես եմ հասկանում: Անցավ ոչ թե 100, այլ ընդամենը 4 տարի, և Օսկանյանը, հետևաբար նաև՝ Քոչարյանը դարձան միանգամայն արժանի դաշնակիցներ՝ «ռեժիմի» դեմ պայքարում: Այնպես որ՝ «կալիբրը» նույնպես փոփոխական է»,–գրում է թերթի խմբագիրը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ