Նշվեց 20-րդ դարի խոշորագույն բուսաբաններից Արմեն Թախտաջյանի 100-ամյակը
Գիտական հասարակությունն այսօր նշել է 20-րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկի՝ մեծանուն գիտնական Արմեն Թախտաջյանի 100-ամյակը: Այս մասին հայտնում է ԳԱԱ լրատվության բաժինը:
ՀՀ ԳԱԱ բուսանանության ինստիտուտում Հայաստանի բուսաբանական ընկերության աջակցությամբ այսօր մեկնարկել է «Արմեն Թախտաջյանը և բուսաբանական գիտության զարգացումը Հայաստանում» միջազգային գիտաժողովը` նվիրված աշխարհահռչակ բուսաբան-էվոլուցիոնիստի 100-ամյակին: Այն շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը:
Գիտաժողովին մասնակցող հայ և արտասահմանցի գիտնականները հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված ինչպես Հայաստանի և Կովկասի բուսաբանության տարբեր ասպեկտների, այնպես էլ մոլորակի այլ շրջանների ֆլորայի ուսումնասիրմանը:
Արմեն Թախտաջյանը ԽՍՀՄ պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշանների, «Անձնվեր աշխատանքի համար» և ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալների, Սոցիալիստական աշխատանքի հերոս էր, Վ.Կոմարովի և Ռ.Ալերտոնի անվան մրցանակների, Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգևի՝ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի դափնեկիր, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի Լինևյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվան բնագետների, Լեհաստանի և Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ:
Նա պատկանում է աշխարհի հռչակավոր բուսաբան-էվոլուցիոնիստների համաստեղությանը: Նրա կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգն ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում է լավագույնը և ամենաարժանահատը:
Շնորհիվ իր հսկայական բազմագիտության, տաղանդի և փորձի՝ Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել բուսական աշխարհի ժամանակակից գիտության գրեթե բոլոր հիմնական ուղղություններում:
Երկար տարիներ նա զբաղեցրել է ԽՍՀՄ-ի Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Տեղյակ էր երկրում տեղի ունեցող բոլոր հետազոտությունների մասին, մասնակցում էր բուսաբանության ռազմավարական ուղղությունների մշակմանը: Նրա կողմից ստեղծված Բուսաբանական դպրոցը մինչ օրս շարունակում է կյանքի կոչել Թախտաջյանի գաղափարները: Թախտաջյանի շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկը:
Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացան բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, անատոմիա, պալինոլոգիա, կարիոլոգիա և այլն:
1943թ-ից մինչև 1948թ-ը Արմեն Թախտաջյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի առաջին տնօրենն էր: Սանկտ-Պետերբուրգ տեղափոխվելուց հետո նա շարունակեց սերտորեն համագործակցել հայաստանյան բուսաբանների հետ: Արմեն Թախտաջյանը կյանքից հեռացել է 2009թ. նոյեմբերի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ