Կառավարությունը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման վայրերին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին: Որոշմամբ առաջարկվում է սոցիալական ծառայություն տրամադրող կառույցները, ինչպես նաև նոր ստեղծվող միասնական ընդունարանները տեղակայել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում և շինություններում, ինչը կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և արդյունավետության մեծացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` սա մեր սոցիալական բարեփոխումների կարևորագույն տարրերից է: «Ներդնելով ինտեգրված սոցիալական ծառայության մատուցման ինստիտուտը, մենք էապես հեշտացնելու ենք մեր քաղաքացիների կյանքը, քանի որ նրանք պետությունից սոցիալական օժանդակություն ստանալու համար ստիպված չեն լինելու տարբեր գերատեսչություններ այցելել: Ավելին, ամբողջ տեղեկատվությունը կկուտակվի այդ կենտրոններում, և մենք ամբողջական պատկերացում կունենանք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, կկարողանանք տեղում որակյալ ծառայություն մատուցել նրանց: Այլևս բյուրոկրատական քաշքշուկ չի լինի, կոռուպցիոն ռիսկերն էապես կնվազեն, և կունենանք միասնական տվյալների բազա նախարարությունում, որն էլ կլինի տվյալների բազայի ճշգրտումների իրականացման միակ իրավասու մարմինը, որպեսզի տարբեր չարաշահումներ չլինեն: Սա բավական լուրջ բարեփոխման սկիզբ է»,- ասել է Տ. Սարգսյանը:
Երկու այլ որոշումներից մեկով գործադիրը սահմանել է «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները», որոնց նպատակն է ակտիվների ներդրումների արդյունավետ դիվերսիֆիկացումը և ռիսկերի նվազեցումը, մյուսով` «ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի» չափանիշները համապատասխանեցրել միջազգային լավագույն փորձին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ